ԱԺ-ն քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը. առաջարկվում է վերանայել Կառավարության լիազորությունները ռազմական դրություն դեպքում (ուղիղ)

15:24 • 24.10.17

 

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մինչ նախագծին անդրադառնալը հայտարարեց, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է տևում: Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել:

Այնուհետև նախարարը ևս մեկ անգամ ներկայացրեց օրենքի նախագիծը: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց ռազմական դրություն հայտարարելու ժամանակ Կառավարության լիազորությունները վերանայելու վերաբերյալ հանձնաժողովի նիստում արված առաջարկի մասին. «Դուք ասացիք, որ մասնագետների հետ կխորհրդակցեք և կասեք, ինչ եզրակացության եկաք»,-ասաց Թանդիլյանը:

Նշենք, որ քննարկվող նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե խորհրդակցել են և որոշ առաջարկներ արդեն ներկայացվել են փաթեթում: Ըստ նախարարի՝ կքննարկեն հարցը մինչև երկրորդ ընթերցում և հանձնաժողովում դեռ քննարկման հնարավորություն կլինի:

Մանե Թանդիլյանը նշեց, թե իրեն հետաքրքրում է նաև նախարարի կարծիքն այն մասով, թե Կառավարությանը նման լիազորություն տալը որքանով է տեղին:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ իրենք այդ առումով որևէ բան Սահմանադրությունից դուրս չեն գրել: «Ուղղակի խոսքն այն մասին էր` կարգավորումն ա՞յս օրենքում ընդգրկվի, թե՞ ռազմական դրության մասին օրենքում լինի: Մենք եկանք եզրակացության, որ որոշ լրացումներ այստեղ ներառվեն, մնացած մանրամասները` մյուսում»,-ասաց նա: