ՔԿՀ անարգել մուտքով կխախտվի նախաքննության գաղտնիությունը` լինի դա պատգամավոր, նախարար, թե այլ մեկը. Հրայր Թովմասյան
ԱԺ լիագումար նիստին ներկայացվեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս իրավակարգավորումը հենց այնպես, ինչպես գոյություն ունի, կիրառվել է ժամանակին: «Կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը, և այն ժամանակվանից սահմանափակվել են պատգամավորների լիազորությունները»,-ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը հիմա էլ ԱԺ Պետա-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, և բնական է, որ այսպիսի վերաբերմունք պիտի լիներ այս նախագծի վերաբերյալ:
«Մենք ստիպված ենք նման նախաձեռնություն ներկայացնել, որպեսզի հստակություն մտցնենք, որ չկարողանան այլ կերպ մեկնաբանել»,-նշեց նա:
Նշենք, որ առաջարկվում է հստակեցնել, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով` պետք է կողմ քվեարկել ու քննարկել այս նախագիծը:
Հարցին արձագանքեց նաև Հրայր Թովմասյանը. «Եթե այդքան միանշանակ լիներ, մեր գործընկերները չէին ներկայացնի: Հստակ ներկայացվեցին մերժման պատճառները, կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտը և նախաքննության գաղտնիությունը` լինի դա պատգամավոր, նախարար, թե այլ մեկը: Եթե մեր գործընկերները գտնում են, որ դա հակասահմանադրական էլեմենտ ունի, հստակ ճանապարհ կա, ու կարող են դրանով շարժվել»:
Նախագիծը դրվեց քվեարկության ու մերժվեց 35 կողմ, դեմ 51 և 6 ձեռնպահ արդյունքով:










