Ռուս պայմանագրայինը Գյումրիում սպանել է ծառայակցին, որից հետո ինքնասպան է եղել

03:15 • 24.10.17

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը։