Եթե վատ ես ապրում, ուրեմն քիչ ես աշխատում. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

19:38 • 24.10.17

Եթե Հայաստանում գնաճը գերազանցի ֆիքսված գնաճը, ապա կառավարությունը կօգնի աղքատ խավին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով այն մասին, որ առաջիկայում բյուջեով նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի աճ, բայց որոշ ապրանքներ թանկացել են:

«Մենք ֆիքսում ենք գնաճը, թոշակները, աշխատավարձերը, և առաջին անգամ չէ, որ երբ գնաճը ավելին է եղել, քան ֆիքսված գնաճը, կառավարությունը որոշել է օգնել աղքատ շերտին: 3 դեպք գիտեմ, երբ որևէ ապրանք թանկացել է, որն ունեցել է էական ազդեցություն բնակչության գնողականության վրա, ու կառավարությունը միջամտել է: Աստված չտա, որ նման բան լինի, բայց եթե լինի՝ կառավարությունը կմիջամտի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ինչպե՞ս վարվեն, երբ թոշակները, աշխատավարձերը չեն բարձրանում, բայց ապրանքը թանկանում է, Հակոբյանը պատասխանեց. «Ես միշտ ասում եմ, որ մարդիկ պետք է շատ աշխատեն, ուրիշ բան ասել չեմ կարող»:

Ճշտող հարցին՝ քի՞չ են աշխատում մարդիկ, նա պատասխանեց. «Եթե դու վատ ես ապրում, ուրեմն քիչ ես աշխատում: Աշխատել՝ նշանակում է աշխատել, ստեղծել, տիրապետել սեփական վաստակին»:

Դիտարկմանը, թե աշխատատեղերը քիչ են, Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց. «Աշխատատեղեր Հայաստանում կան»: Թե որտե՞ղ են այդ աշխատատեղերը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Թող գան, ես կհուշեմ»:

Իսկ այն հարցին, թե արդյոք որպես պատգամավոր զգո՞ւմ եք Ձեզ վրա թանկացումների բեռը, Հակոբյանն ասաց, որ ինքը առևտուր չի անում, շուկա, խանութ չի գնում


Մանրամասները՝ տեսանյութում: