Վերջին շրջանում մեր երկրները կարողացել են երկկողմ հարաբերությունների համակարգը ճիշտ ձևով կարգավորել. Դ. Մեդվեդևը՝ Կ. Կարապետյանի հետ հանդիպմանը

17:35 • 24.10.17

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի
Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը ճիշտ ուղղության վրա է, որի ապացույցն է առևտրաշրջանառության աճը և ներդրումների ծավալների մեծացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 23.5 տոկոսով աճել է: Նա նկատեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, ինչի մասին վկայում են վերջին շրջանում հաճախակի կազմակերպվող երկկողմ հանդիպումները:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն բոլոր հնարավորությունները երկկողմ հարաբերություններն այս մակարդակում ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար:

«Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկենք օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Այսօր մենք նախապատրաստել ենք մի քանի փաստաթղթեր, որոնց ստորագրումը միանշանակ նպաստելու է մեր համագործակցությանը զարգացմանը»,- նշեց ՀՀ վարչապետը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի ներկայացրած թվերի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով։

«Իմ ցուցանիշն ավելի լավն է, քան Ձերը, առաջարկում եմ հենց սա էլ օգտագործել հետագայում»,- ասաց ՌԴ վարչապետը:

«Սա նշանակում է, որ մեր երկրների հարաբերություններում դժվարությունները հաղթահարված են: Ե՛վ առևտրաշրջանառությունն է վերականգնվում, և՛ ներդրումային համագործակցությունը հետ չի մնում այս արդյունքից: Բայց ամենակարևորն այն է, որ  վերջին շրջանում մեր երկրները կարողացել են երկկողմ հարաբերությունների համակարգը ճիշտ ձևով կարգավորել: Գրանցված արդյունքները հենց ապացուցում են, որ մենք գտնվում ենք ճիշտ ուղղության վրա»,- նշեց Դմիտրի Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ հարաբերությունները զարգացել են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ՝ ԵԱՏՄ շրջանակում:

Վարչապետերի հանդիպումից հետո նախատեսվում է նաև միջկառավարական,
միջգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում: