Արմավիրի քաղաքապետարանը բանակցում է քաղաքի բրոքերների հետ Նորապատի հրդեհված շենքի բնակիչներին տեղավորելու համար
Արմավիրի քաղաքապետարանը, որին խոշորացման արդյունքում միավորվել են մարզի մի քանի գյուղեր, այդ թվում՝ Նորապատը, որտեղ երկհարկանի տուն էր հրդեհվել, բանակցություններ է վարում քաղաքի անշարժ գույքի գործակալների հետ՝ այդ տանը բնակվող ընտանիքների համար անհատույց վարձակալությամբ բնակարաններ գտնելու համար:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արմավիր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը:
Հարցին, թե ինչքան ժամանակով, վերջինս պատասխանեց. «Ինչքան որ կառավարությունը կորոշի»:
Մինչ այս, Արմավիրի քաղաքապետարանը 60 հազարական դրամ է տրամադրել բնակելի տան բնակիչներից յուրաքանչյուրին:
Արդյոք սա շատ քիչ գումա՞ր չէ գույքն ու տանիքը կորցրած բնակիչների համար. այս հարցին ի պատասխան Սարգիս Մովսիսյանն ասաց, որ բնակիչները հրդեհված շենքում սեփականության իրավունքով չեն ապրել, սա եղել է նախկին կոճակի գործարանի շենքը, որտեղ մարդիկ, զրկված լինելով բնակարաններից, ապրել են: Շենքում բնակվում էր 10 ընտանիք:
Հիշեցենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ամբողջությամբ այրվել է Նորապատի 5-րդ փողոցի մի եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:
Մինչ այս ընտանիքները բնակվել են իրենց հարազատների մոտ՝ քույր, եղբայր, ծնող. բոլորն էլ քաղաքում հարազատներ ունեն:
Արմավիր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ հրդեհված տան բնակիչներին առաջարկվել է գիշերն անցկացնել Արմավիրի մարզադպրոցում, որտեղ կան պայմաններ՝ լվացարաններ, տաք և սառը ջուր, սակայն բոլորն էլ հրաժարվել են:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Նորապատի նախկին գյուղապետ Սամվել Բադալյանը՝ շենքը 150 տարեկան էր և ամբողջությամբ փայտաշեն, ուստի վթարի ամեն մի վարկած՝ կարճ միացում և այլն, հնարավոր է:
«Այդտեղ ամեն ինչ կարող էր լինել, ապրելու տեղ չէր»,-ասաց Նորապատի նախկին գյուղապետը:










