Պորոշենկոն հայտարարել է, որ ոչ մի արտահերթ ընտրություն Ուկրաինայում չի լինի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի, հայտնում է interfax.com.ua-ն:
«Մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունների նախընտրական ցիկլի մեկնարկին: Ինչպես ձեզ ասել եմ, ոչ մի արտահերթ ընտրություն չի լինի»,- ասել է Պորոշենկոն՝ բացելով Շրջանային զարգացման խորհրդի նիստը:
Ուկրաինայի խորհրդարանի և պետության ղեկավարի պլանային ընտրությունները կայանալու են 2019 թվականի գարնանն ու աշնանը:
Ավելի վաղ մի քանի հազար մարդ բողոքի ակցիա է անցկացրել Ռադայի առաջ: Նրանք պահանջել են չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ստեղծել հակակոռուպցիոն դատարան:
Հինգշաբթի Ռադան անցել է պահանջների մի մասի իրականացմանը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարան է ուղարկել պատգամավորական անձեռնմխելիության վերացման և Ընտրական օրենսգրքի վերանայման մեկնարկի մասին օրենքները: Այդ ժամանակ հանրահավաքի կազմակերպիչները հայտնել են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կշարունակի բողոքի ակցիան Կիևում, մնացած քաղաքական ուժերը դադարեցնում են իրենց մասնակցությունը:










