Առաջատար ամսագրերը հրաժարվել են համագործակցել հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնի հետ

16:23 • 24.10.17

Ամերիկյան Conde Nast հրատարակչատանը պատկանող Vogue, Vanity Fair, GQ, Glamour և այլ ամսագրեր հրաժարվել են համագործակցել հայտնի ամերիկացի ֆեշն-լուսանկարիչ և կլիպմեյքեր Թերի Ռիչարդսոնի հետ: Այս մասին հայտնում է Reddit-ը:

Conde Nast-ի փոխնախագահ Ջեյմս Վուլհաուսը նամակ է հղել պատասխանատու անձանց, և այն համացանց է արտահոսել: Վուլհաուսը պահանջել է դադարել նկարահանումներ պատվիրել Ռիչարդսոնից, ինչպես նաև՝ հրաժարվել արդեն պատվիրված ֆոտոսեսիաներից: Նամակում չի պարզաբանվում՝ ինչն է դարձել նման որոշման պատճառ:

Ռիչարդսոնի աշխատանքներն առանձնանում են անկեղծությամբ, իսկ նրա ֆոտոսեսիաներին մասնակցած մոդելները բազմիցս մեղադրել են նրան ոտնձգությունների համար: Լուսանկարիչը հերքում է բոլոր մեղադրանքները և ասում, որ երբեք ոչ ոքի ոչ մի բան չի հարկադրել:

Հայտնի է, որ Ռիչարդսոնի պահվածքի մասին սկսել են խոսել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալից հետո:


The New York Times թերթի տեղեկություններով, որը հրապարակել է սեփական հետաքննության արդյունքները, Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ՝ սկսած մոտ 1990 թվականից, ոտնձգություններ է կատարել հայտնի կանանց նկատմամբ՝ նրանց խոստանալով օգնել կարիերայի հարցում: Սեռական ոտնձգությունների են ենթարկվել հայտնի դերասանուհիներ, պրոդյուսերի օգնականները և այլք: