ԱՆ-ը հերքում է, թե Արծվաբերդում արձանագրված տուլարեմիայի դեպքերն ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են
Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերն ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք չեն:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Մեզ պարզաբանեցին, որ տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ:
«Հիվանդության վարակի աղբյուրը համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում և այն էլ՝ համայնքի մեկ հատվածում։ Իրականացված կենդանամակաբուծաբանական և համայնքից վերցված ցորենի, գարու, ծղոտի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։ Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի՝ համայնք ներթափանցումն է»,- ասված է պատասխանում:
Առողջապահության նախարարությունից վստահեցրին՝ հիվանդության կանխարգելման մասով աշխատանքներ տարվել են: Նրանց խոսքով՝ հիվանդության հետագա կանխարգելման և ռիսկերի նվազեցման նպատակով Արծվաբերդ, Չինար, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր համայնքների բնակչության շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ»:
Tert.am-ը խնդրի շուրջ պարզաբանում խնդրեց նաև Պաշտպանության նախարարությունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ՊՆ-ն տուլարեմիա հիվանդության տարածման մանրամասների մասին տեղեկատվություն չունի: Միևնույն ժամանակ Հովհաննիսյան ասաց. «ՀՀ անկախացումից ի վեր Ադրբեջանը նման փորձ չի արել, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով հակառակորդն այս կամ այն հիվանդությունը չի տարածել»:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթ գրել էր, որ իրենց հետ զրույցում «Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենը վստահեցրել է, թե տուլարեմիա հիվանդությունը ադրբեջանական թռչող սարքի միջոցով է տարածվել:










