«Շնող» ՀԷԿ-ի կառուցումն առաջին քայլն է Հայաստանում վերականգնվող էներգիայի ծավալի մեծացման ճանապարհին. ամերիկյան ընկերության հետ համագործակցության հուշագիրը ստորագրվեց (տեսանյութ)

21:10 • 25.10.17

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերության միջև։ Համաձայն հուշագրի`«The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին. ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում` տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա` ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները: Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի արժեքը գնահատվում է 150-190 մլն ԱՄՆ դոլար: 

Նախարարությունում հուշագրի ստորագրմանն այսօր ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ «Շնող» ՀԷԿ-ի կառուցմամբ սկզբնավորում են  կառավարության այն նպատակը, ըստ որի` մտադիր են առաջիկա տարիներին ներքին վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման ծավալում հասցնել 50 տոկոսի: Նախարարը հայտնեց, որ այսօր ներքին շուկայի սպառման կառուցվածքում ունենք էլեկտրաէներգիայի մոտավորապես 1/3 ծավալ, որն արտադրվում է ատոմակայանում, 1/3-ը՝ գազային-ջերմային կայաններում, և մոտավորապես 1/3-ը՝ ՀԷԿ-երում։

«Սա առաջին քայլն է մեր` վերականգնվող սեփական աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալի մեծացման ճանապարհին»,-ասաց նախարարը և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին իրենց խնդրանքին արագ և օպերատիվ արձագանքելու համար։ Նախարարը նշեց, որ դրա արդյունքում մի քանի ամսում կարողացել են գտնել խոշորագույն ընկերություններից մեկին որպես գործընկեր`այս խոշոր ներդրումային ծրագրի իրականցման համար:

Աշոտ Մանուկյանի խոսքով` սա ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ երրորդ խոշոր ներդրումային ծրագիրն է այս ոլորտում, մինչ այս եղել են «Լիդիան Արմենիան», «Կոնտուր Գլոբալը»:

«Հույս ունեմ և վստահ եմ, որ լինելով երրորդը` այն չի լինի վերջինը, և մենք ապագայում ևս հնարավորություն կունենանք ամերիկյան գործընկերների հետ աշխատել նոր կայանների կառուցման ուղղությամբ, կլինեն նաև արևային կայաններ»,-ասաց նա և հայտնեց, որ արևային կայանների կառուցման համար նպատակ ունեն նոր ուսումնասիրություն կատարել, նոր գնահատականներ տալ:

«Վստահ եմ, որ առաջիկայում մեր ներդրումային ծրագրերը կբազմապատկվեն, կշատանան նաև դեսպանի անմիջական աջակցությամբ, քանի որ նրա հետ մեր համագործակցությունը տալիս է առաջին արդյունքները»,-ասաց նա:

Նախարարը վստահություն հայտնեց, որ հուշագիրը շատ արագ կյանքի կկոչվի և նախանշված ժամկետներում կավարտեն ներդրումային ծրագիրը: Ըստ նրա` ընկերության ներկայությունը այստեղ կբերի նոր բիզնես մշակույթ, նոր մոտեցումներ` և՛ տեխնոլոգիական, և՛ կառավարչական:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս տարի նշում են ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ այս առիթը շատ խորհրդանշական ու հատկանշական միջոց է` նշելու գործընկերությունը: Դեսպանն ասաց, որ այս հուշագրի ստորագրումը փաստում է հայ-ամերիկյան գործընկերության աճի միտումները հատկապես էներգետիկ ոլորտում: «Մեր գերակա խնդիրներից մեկը հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային կապերի ամրապնդումն է։ Ես հպարտ եմ, որ այսօր նախարարի և նրա թիմի աջակցությամբ` դեսպանատան կոմերցիոն թիմի աշխատանքի շնորհիվ, մենք նշում ենք մեր տնտեսական գործընկերությունն ամրապնդող հերթական ձեռքբերումը»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց նախարարին «Շնող» ՀԷԿ-ի  ծրագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ համատեղ ջանքերի համար:

«Անցած տարի մայիսին վերականգնող էներգետիկայի հարցերին նվիրված համաժողով էր դեսպանատունը կազմակերպել և, կարծում եմ, սա կատալիզատոր հանդիսացավ ամերիկյան ընկերությունների մոտ` Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ: Ահա մենք տեսնում ենք արդյունքը, թե ինչ ձեռքբերումներ կարող են լինել մասնավոր հատվածում, երբ նախարարությունը և դեսպանատունը աջակցում են։ Մենք բոլորս կայուն և հուսալի էներգետիկ համակարգի ապահովման ուղղությամբ ենք աշխատանքներ իրականացնում»,-ասաց նա` ընդգծելով, որ «The Robbins Company» ընկերությունը ամենախոշորներից մեկն է: «Ես վստահ եմ, որ այսօր մեկնարկող գործարար կապերը շահավետ գործընկերության սկիզբն են»,-ասաց նա:

«The Robbins Company» ընկերության ներկայացուցիչ Լոք Հոմը ցավով նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում: Ներդրման վերաբերյալ նա ասաց, որ մի շարք մարդկանց մասնակցությամբ է այս ծրագիրը իրականություն դառնում: «Հիանալի է տեսնել նախարարության օժանդակությունը, առանց որի այս ծրագիրը իրականություն չէր լինի»-ասաց նա:

Հոմը նաև ներկայիս կամ մոտ ապագայի ներդրումային իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց` նշելով, որ իրենք լավ տեմպով առաջ են շարժվում: «Բարդ ծրագիր է: Հայաստանի դեպքում, բարեբախտաբար, լեռները լավն են, սակայն, երբեմն, ժայռերի ներսում «անակնկալներ» կարող են լինել»,-ասաց Հոմը`նկատելով, որ այդպիսի պայմանները կարողանում են հաղթահարել: 

«Իրական առավելությունն այն է, որ մենք մաքուր էներգետիկա ենք ստեղծում, այսպիսի ներդրումները երկրի, աշխարհի համար են ներդրում: Հիանալի է այսպիսի ծրագրին մասնակցելը»,-ասաց նա: