Այն, ինչ տեղի է ունենում հիմա սահմանին, օգտակար չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար․Դենիս Սամութ
«Լինքս» ընկերության ղեկավար, Եվրամիության աջակցությամբ ստեղծված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող Եվրոպական գործընկերության» ծրագրի գործընկեր Դենիս Սամութը դատապարտում է սահմանային վերջին միջադեպերը, որոնցից մեկի հետևանքով՝ հոկտեմբերի 19-ին երիտասարդ հայ զորակոչիկ է մահացել՝ Տիգրան Խաչատրյանը։
Պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե ինչպես է գնահատում այն, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական զինուժը լարում է իրավիճակը սահմանին, նա երեք տարր է առանձնացրել:
Առաջին հանգամանքը, ըստ վերլուծաբանի՝ վերոնշյալն է՝ երիտասարդ զորակոչիկի մահը, որն ամեն առումներով անընդունելի է:
«Ցավոք, շփման գծում հիմնականում երիտասարդ զինծառայողներ են կանոնավոր կերպով զոհ դառնում, ինչպես նաև՝ խաղաղ բնակիչներ և անգամ` երեխաներ: Դա պետք է դատապարտվի: Այդ ամենն անընդունելի է»,- նշեց նա:
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո լարվածության պարագայում երկրորդ կարևոր տարրը՝ վերջին օրերին ադրբեջանական կողմից կատարելագործված զենքի օգտագործման խնդիրն է:
«Այն չի ընդունվել, բայց չի էլ հերքվել: Մենք երկար ժամանակ ասել ենք, որ երկու կողմերն էլ ունեն մահաբեր զինատեսակներ, որոնք կարող են զանգվածային ոչնչացում իրականացնել: Թող բոլորը զգուշանան, որ այդ վտանգն իրական է, և մենք կարող ենք արագ և առանց նախազգուշացման նոր ռազմական իրավիճակի գնալ»,- ասաց նա:
Երրորդ տարրը, ըստ Դենիս Սամութի, այն է, որ պետք է հասկանանք՝ որտեղ ենք հասել հոկտեմբերի 16-ի Ժնևում կայացած հանդիպումից հետո: «Իրենց հայտարարություններից և քայլերից հետո, կողմերը Ժնևյան բանակցությունները և կարևոր հայտարարությունները ստվերում թողեցին: Հանդիպումից հետո եղած հայտարարությունը առաջարկում էր ինչ-որ հույս, բայց այն, ինչ տեղի է ունենում մինչ այս պահը, օգտակար չէ հիմնախնդրի կարգավորման համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը ստեղծում է լարվածություն սահմանում, մասնավորապես հոկտեմբերի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, հոկտեմբերի 22-ին և 23-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները հայկական սահմանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետներ:










