Եթե ասեն, որ ես միշտ սուս եմ եղել, սուտ է, կխաբեն, 23 տարի բեմից ասում եմ այն, ինչ շատ-շատերն իրենց խոհանոցում չեն խոսում. Հրանտ Թոխատյան
Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի
Ինչո՞վ եմ ես ծառայում իշխանությանը, ինչո՞վ է իմ ծառայությունն իշխանությանն ավելի շատ, քան իրենը կամ որևէ մեկինը: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում դերասան Հրանտ Թոխատյանն այսպիսի հարցադրում է ուղղել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Նշենք, որ քաղաքապետարանը հանձնաժողովներին քննարկման է ուղարկել որոշման նախագիծ, ըստ որի՝ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցվում 1958 թ. կառուցված Կանազի մշակույթի պալատը, որը գտնվում է Արաբկիր համայնքում: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան: Այնտեղ պետք է ստեղծվեն թատրոնի հիմքով ստուդիաներ, խմբակներ, դպրոց և այլն:
Որոշման նախագծի մասին Զարուհի Փոստանջյանը գրել էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն: Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը»:
«Նախ, այդ որոշումը դեռ չկա: Երբ լինի ավագանու նիստը, նոր կդրվի քննարկման, նիստը կորոշի՝ տալիս են, թե չէ: Ես դիմել եմ 99 տարով, որովհետև դա մաքսիմալ ժամկետն է, եթե մաքսիմալ ժամկետը 300 տարի լիներ, ես 300 տարով կդիմեի, որովհետև այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ և ուզում եմ կյանքի կոչել, դրա համար պետք է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Չի սարքվում խանութ, ռեստորան, լցակայան, որևէ բան, որ անմիջապես եկամուտ է բերելու, ես ուզում եմ ստեղծել մի բան, որն այն եկամտաբերությունը չունի, որ համարժեք լինի ներդրումային ծրագրին»,-պարզաբանել է Հրանտ Թոխատյանը:
Իսկ ինչ վերաբերում է գավառական լինելուն, ապա դերասանի խոսքով՝ գավառական լինելը տվյալ դեպքում բացասական նշանով է տրվում, ինքը չգիտի՝ գավառականության մեջ ինչ վատ բան կա ընդհանրապես: «Եթե խոսքը Գավառ քաղաքի մասին է, միայն երջանիկ կլինեի Գավառից լինել, որովհետև այնտեղից բավականին լավ մարդիկ կան մեզ հայտնի: Իսկ գավառական այն իմաստով, որ օգտագործել է տիկին Փոստանջյանը, ինձ համար անհասկանալի է»:
Հրանտ Թոխատյանը հիշեցրել է, որ ինքը որևէ պետական համակարգում չի աշխատում արդեն 25 տարի՝ անկախությունից հետո, ունի իր մասնավոր զբաղմունքը՝ իր թատրոնը, իր կինոն, իր գործակալությունը, վերջ:
«Եթե ասեն, որ ես միշտ սուս եմ եղել, սուտ է, կխաբեն, որովհետև ես 23 տարի բեմից ասում եմ այն, ինչ հանրապետությունում շատ-շատերն իրենց խոհանոցում չեն խոսում: Դրա ապացույցներն են «Խաթաբալադան», «Մեա կուլպան», «Ժանգոտ բանալին», «Մեա կուլպա 2-ը»: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես սուսուփուս եմ, բեմը փողոցային խոսակցությունը չէ, հրապարակում կանգնել ու գոռալը չէ»,-ընդգծել է դերասանը:
Ինչ վերաբերում է թամադա լինելուն՝ Հրանտ Թոխատյանն ասել է. «Այո, 99 թ. սկսեցի թամադայություն անել ու արեցի մեծ պատրաստակամությամբ, որովհետև մենք նոր սկսել էինք անել «Մեր այբբենարանը» և բեմադրվում էր «ժանգոտ բանալին», դրանք մեծ գումարներ էին պահանջում: Եթե տիկին Փոստանջյանը տեղյակ չէ, տեսանկարահանումները և ներկայացումները թանկ հաճույք են, բավականին թանկ, իսկ մենք չունենք պետական աջակցություն: Չէր հերիքում փողը, ոչ մեկին մանկական ծրագիրը չէր հետաքրքրում այդ թվերին, պետք էր գումար: Կար երկու տարբերակ. կարելի էր ասել՝ վայ, մենք այնքան լավ մտահաղացում ունենք, բայց փող չկա, չենք անում, պետությունն այսպես է, հարուստերն այնպես են»:
Դերասանն ընտրել է երկրորդ տարբերակը: Նրա խոսքով՝ ձեռք ունի, ոտք ունի, Աստված մի քիչ էլ շնորհք է տվել: Ընկերների խնջույքներին, երբ սեղանապետ է եղել, բոլորը շատ ուրախ ու գոհ են եղել: «Մտածեցի՝ ինչու նույնը չանեմ ուրիշ մարդկանց համար: Ընդ որում, դրա դիմաց վարձատրվեմ ու բավականին բարձր: Այդ գումարներով կարողացանք ստեղծել «Մեր այբուբենը», և կարողացանք նորմալ անել «Ժանգոտ բանալիի» փորձերը՝ բոլորին վճարելով: Երբ որ դրա կարիքը վերացավ, վերջացավ իմ «գավառական թամադայի» կարիերան: Ինձ արդեն պետք չէր, ես իմ դրամն ուրիշ տեղ եմ վաստակում՝ իմ արվեստով, իմ կինոյով»:
Հրանտ Թոխատյանը տարօրինակ է համարում Զարուհի Փոստանջյանի արձագանքը, քանի որ ոչ մի անձնական շփում, հակասություն չունի նրա հետ, բացի այդ, ըստ նրա՝ հմայիչ կանայք իրեն միշտ շատ լավ են վերաբերվել: «Ինքը գեղեցիկ կին է, իր կուսակիցները՝ նույնպես բավականին ներկայանալի կանայք են, տարօրինակ է, որտեղից այդքան զայրույթ նրանց մեջ: Նվեր են ինձ արել, սուտ է: Դա վարձակալություն է: Ես Արմեն Համբարձումյանի հետ տարիներ շարունակ բոլոր դռներն ընկած ծրագրեր եմ ներկայացրել, որը կտա հնարավորություն բոլոր թատրոններին ավելի լավ ապրել, քան ապրում են: Այդ ձևը կա, չեն ուզում, որոշեցինք մերը ստեղծել»:
Դերասանի տեղեկացմամբ՝ ինքն այդ շենքի բեմում ներկայացում է խաղացել 70-ականներին, հնարավորությունները գիտի: Այդ շենքը 90-ականներից պատահական մարդկանց ձեռքում է հայտնվել՝ մեծ չինովնիկներից մեկի օգնությամբ և մնացել էր կադաստրից դուրս:
«Այն շատ պատահաբար գտել էր այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Երիցյանը: Հերթական զրույցի ժամանակ, որ ասում էի՝ մեզ թատրոն է պետք և այլն: Ասաց՝ այսպիսի շենք կա: Ասաց՝ եկեք այս շենքը տրամադրենք ձեր ծրագրին, խոսքը 2007 թ. մասին է: Իսկ մինչև այդ դիմումներ եղել են 90-ականներից: Այսպես 11 տարի հետո, մենք կարողացանք մեր ծրագրով ապացուցել, որ արժի այդ շենքը տրամադրել այդ գործին: Շենքը մնում է պետական, սուտ է, ինձ նվեր չեն տվել, մնում է քաղաքապետարանի բալանսում: Մենք վարձակալում ենք այդ շենքը, բայց ամիս-ամիս վարձ տալու փոխարեն շենքը խելքի ենք բերելու: Իսկ այդ ներդրումային ծրագիրը մոտ մեկ մլն դոլար է կազմում»,-մանրամասնել է Հրանտ Թոխատյանը:










