Ժիրինովսկին կոչ է արել բանտ նստեցնել Սոբչակին՝ Ղրիմի մասին նրա հայտարարության համար

16:26 • 25.10.17

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր-նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ քրեական գործ հարուցել՝ Ղրիմ թերակղզու ուկրաինական լինելու մասին նրա հայտարարության պատճառով:

Ինչպես նշում է lenta.ru-ն, Ժիրինովսկին ասել է, որ Սոբչակի հայտարարությունը «հանցագործություն է»:

«Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Ռուսաստանում կիսապաշտոնական մակարդակով ի հայտ գա նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող մի կին ու հայտարարի, որ Ղրիմն ուկրաինական է: Դա հանցագործություն է»,-մեջբերում է աղբյուրը քաղաքական գործչի խոսքը:

Ժիրինովսկու համոզմամբ՝ Սոբչակի հայտարարության հիման վրա նրա դեմ կարելի է քրեական գործ հարուցել ու նրան «նստեցնել 5 տարով»:

Քաղաքական գործչին դուր չի եկել այն հանգամանքը, որ «ոչ ոք չի փակում Սոբչակի բերանը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Սոբչակը հայտարարել էր, որ թերակղզու միացումը Ռուսաստանին Բուդապեշտի հուշագրի խախտում է:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն Ուկրաինայինն է ու վե՛րջ»,-իր թեկնածության առաջադրման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Սոբչակը:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմը «դե յուրե և դե ֆակտո» Ռուսաստանի անքակտելի մասն է: 

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են մարտին: Գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռևս չի հայտարարել առաջադրվելու վերաբերյալ իր որոշման մասին:


Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014թ. տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում: