Իրաքյան Քրդստանի իշխանությունները համաձայնել են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները՝ կրակի դադարեցման համար
Իրաքյան Քրդստանի իշխանություններն առաջարկել են պաշտոնական Բաղդադին դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների՝ բաց երկխոսության միջոցով. հանուն դրա Քրդստանը պատրաստակամություն է հայտնել սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Իրաքյան Քրդստանի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությամբ քրդական կողմն առաջարկել է Իրաքի կենտրոնական իշխանություններին իրավիճակի կարգավորման հետևյալ քայլերը՝ դադարեցնել կրակը, անցնել բաց բանակցությունների՝ հիմնվելով Իրաքի սահմանադրության վրա՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։
Չնայած Իրաքի բանակին կարճ ժամանակում հաջողվել է վերահսկողության տակ առնել Քիրքուք քաղաքը, Իրաքյան Քրդստանը կարծում է, որ հոկտեմբերի 16-ին սկսված ռազմական գործողությունները հակամարտող կողմերից ոչ մեկին հաղթանակ չեն բերի, իսկ դրանց շարունակությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ արյունահեղության:
Հիշեցնենք, որ Իրաքի ուժերը նախաձեռնել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:










