Իշխանությունում բարձունքների են հասել բանակում չծառայած մարդիկ և հիմա ասում են՝ բոլորին տանենք բանակ. Է. Մարուքյան
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ հարցին անդրադառնալը հիշեցրեց, որ միլիտարիզացիայի՝ ռազմականացվածության առումով Հայաստանն աշխարհում երրորդ-չորրորդ տեղերում է:
«Արդյոք նոր օրենքով խնդիր չե՞ք տեսնում, որ մենք ավելացնում ենք ՀՀ-ում միլիտարիզացիայի մակարդակը»,-դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հարցրեց նա:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց նախարարի ծառայությունից. «Մի քանի անգամ հպարտորեն ասացիք, որ 3 բուհ եք ավարտել, հետո ծառայել, շատ լավ գիտեմ Ձեր կենսագրությունը, փայլուն կենսագրություն ունեք։ Բայց չե՞ք կարծում, որ եթե 18 տարեկանում գնայիք բանակ, 3 բուհը չավարտեիք, փայլուն կարիերան, հնարավոր է՝ չանեիք»։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե իր համար ՀՀ-ում գործող իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է:
«Բարձունքների են հասել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, հիմա այդ մարդկանց իշխանությունն եկել, ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի։ Դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը նման նախաձեռնությամբ հանդես գալուց»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Նախարար Սարգսյանն առաջարկեց, որ պատգամավորը թվարկի ՀՀ-ից ավելի շատ միլիտարիզացված երկրների ցանկը:
«Եթե հիշեք, որ այդ ցուցակում մեզնից առաջ Իսրայելն ու Սինգապուրն են, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա ևս մեկ վկայություն է, որ պարտադիր ժամկետային ծառայությունը գիտությանը կարծես թե օգնում է։ Իսրայելն ամենաշատ Նոբելյան մրցանակակիր ունեցող երկիրն է, և պարտադիր ծառայությունը բացարձակ չի խանգարում այդ ժողովրդի ներկայացուցիչներին փայլուն գիտությամբ զբաղվել»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է իր ծառայությանը, ապա Վիգեն Սարգսյանը հստակեցրեց, թե չի կարծում, որ եթե 18 տարեկանում զորակոչվեր բանակ, իր հետագա ուսումը կդադարեցներ:
«Իմ ողջ ընտանիքում բոլորն առնվազն մեկ բարձրագույն կրթություն ունեն, մեր ընտանիքում դա ավանդույթ է եղել, ես միշտ համարել եմ, որ բարձրագույն կրթությունը մարդու կայացման կարևոր էլեմենտ է»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության ղեկին գտնվող՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների մասին հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ պատգամավորը մասնակի է նայում վերջիններիս ծառայել-չծառայելու հարցին և օրինակ բերեց գերագույն գլխավոր հրամանատարի անցած ուղուց:
«Կարծում եմ՝ արդար կլիներ խոսել նրանից, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը մարդ է, որը կանգնած է եղել ԶՈւ կայացման հիմքերում և արել հսկայական աշխատանք, դա մեկ օրինակ է, որը Ձեր ասածի հակակշիռն է։ Իհարկե կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են, մեծ ճանապարհ են անցել»,-ասաց նա:
Սարգսյանը խորհուրդ տվեց ամբողջական խոսել պաշտոնյաների՝ ԶՈւ ծառայության կամ չծառայության մասին։










