«Ucom» ընկերության օժանդակությամբ Արցախում տեղի ունեցավ վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնի բացումը
ՊԲ տեղեկատվական համակարգի տեխնիկական և մարդկային կարողությունների մշտական արդիականացման հարցում ինստիտուցիոնալ համագործակցության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասաց, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարևորում է վերազինված տեղեկատվական կենտրոն ունենալը, ինչում նախարարության մասնագետները համոզվել են Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեխնիկապես վերազինված ՏՏ կենտրոնը կարևոր է: Որոշ աշխատանքներ իրականացրել ենք, սակայն սա դեռ ամենը չէ, կենտրոնն ընդլայնվելու է: Դրա համար աշխատելու ենք Հայաստանի Հանրապետության առաջատար հեռուստաընկերությունների հետ՝ հաշվի առնելով իրենց տեսակետն ու կարծիքները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տեղեկատվական պատերազմը ևս կարևոր ուղղություն է, ինչի համար աշխատանքներ տարվում են:
«Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ucom» ընկերությունը շարունակում է Հայաստանում և հատկապես Արցախում սահմանային անվտանգության համակարգերի համազինումը.«Կոնկրետ արդյունքներ ունենք, որոնք շատ դրական են, չնայած դրան անելիքներ շատ կան»:
Նա նշեց, որ ընկերության թիմը մշտապես համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում է և փորձում է այդ նորագույն փորձը ներդնել Արցախին անհրաժեշտ համակարգերի արդիականացման գործում:
«Արցախում բացեցինք տեղեկատվական կենտրոն, որը պատերազմական երկրում անհրաժեշտություն է, որպեսզի լրատվությունը լինի հրատապ և հասարակությունը տեղյակ լինի կատարվող իրադարձություններից: Փորձը, որը ձեռք է բերում մեր թիմը ժամանակ առ ժամանակ կկիսենք տեղի համակարգերի համազինման համար: Կան յուրահատկություններ, որոնց մասին չեմ կարող խոսել, բայց գովելի արդյունքներ կան՝ օրինակ՝ սահմանային անվտանգության համակարգերի համազինումը: Այստեղ անսահմանափակ զարգացման տեղ ունենք»,– ավելացրեց նա:
«Ucom» ընկերության խորհրդի նախագահն ասաց, որ «Ucom»-ը միշտ լինելու է այդ համակարգերի կատարելագործման, փորձի փոխանակման և ընդհանուր կազմակերպչական հարցերի առաջնագծում:
Պանարմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն էլ իր խոսքում նշեց, որ իր ղեկավարած ընկերությունը պատրաստ է ցանկացած աջակցության՝ կադրերի վերապատրաստման, դասընթացների կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հարցերում։














