Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ամբողջությամբ ընդունվեցին նաև մի շարք նախագծեր (ուղիղ)

10:36 • 25.10.17

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքներ: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին:

«Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր զարգացմանը՝ չի ընդունվել»,-ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ:

Պատգամավորները 91 կողմ քվեարկությամբ հաստատեցին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված փաթեթը:  

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերը: Նախագծին Ելք դաշինքը միայն դեմ քվեարկեց և ընդունվեց 83 կող,  9 դեմ և  0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքին:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ն ևս ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, բայց ոչ միաձայն: Վարման կարգով խոսեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը , ով հայտարարեց, որ իրենք դեմ կքվեարկենք, քանի որ ըստ նրա՝ վարձավճարներ և տուրքեր կարող են վճարվել միայն օրենքով, և ԱԺ-ն չի կարող այն վերապահել Կառավարությանը: Նախագիծն ընդունվեց 61 կողմ,  11 դեմ և  20 ձեռնպահ քվեարկությամբ: 

«Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց երկրորդ և ամբողջությամբ: Ներկա պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին օրենքի նախագծին՝   94 կողմ: