Սաակաշվիլին Ռադայի առաջ խփված վրանն անվանել է իր «նախագահական համարը» (լուսանկար)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղադրված վրանն այժմ իր «նախագահական համարն է»: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Նա հրապարակել է լուսանկար, որում պատկերված է նա՝ վրանում նստած:
«Իմ ներկայիս նախագահական համարը»,- գրել է նա:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս գիշերն անցկացրել է Ուկրաինայի գերագույն ռադայի շենքի մոտ խփված վրանում:
«Ես այս գիշերն անց եմ կացրել Գերագույն ռադայի առաջ՝ վրանում: Այնտեղ, որտեղ հավաքվել են մարդիկ և սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է ընդունի երեք խոստացած օրենքները՝ համակարգի փոփոխության համար առաջին քայլերն անելու համար»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ այդկերպ այժմ բացակայում են հանգամանքները, որոնք թույլ չէին տալիս արտաքսել կամ արտահանձնել Սաակաշվիլիին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:
Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին:










