Ներկայացրել ենք նախագիծ, որ ընդհանրապես արգելվի վայրի կենդանիներին ժամանցային վայրերում պահելը, բայց մնաց սեղանի վրա. կենդանասեր

22:37 • 25.10.17

Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիների սովահար վիճակի վերաբերյալ հրապարակումներից ու բարձրացված աղմուկից հետո կենդանասերները ներկայացրել էին նախագիծ՝ առաջարկելով արգելել ժամանցային վայրերում կենդանիներ պահելը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը. «Բայց նախագիծը մնաց սեղանի վրա։ Բազում նկատառումներ, առաջարկներ ենք արել օրենքի հետ կապված, բայց, ցավոք սրտի, դաս չեղավ: Եվ խնդիրը շարունակվում է»:

Նշենք, որ բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար:

«Սովահար արջերն ուտելիք են աղերսում ռեստորանի այցելուներից»,-գրել էր բրիտանական պարբերականը:

Այստեղ արդեն Սիլվա Ադամյանը համոզված չէ, որ կենդանիները սոված են, քանի որ կենդանիները ռեֆլեքս ունեն, որ երբ նրանց կերակրում ես, նրանք միշտ վերցնում են սնունդը:

«Փորձեք կենդանուն կերակրել, ինքը միշտ պատրաստ է ուտելու, անկախ նրանից՝ կուշտ է, թե ոչ: Այնպես որ, այս սոված պահելու պնդումը մասնագիտական չէ: Սովածը Գյումրիի կենդանիներն էին: Կաշին ու ոսկորն էր մնացել»,-հավելեց բնապահպանը:  Նա, իհարկե, չի կարող նաև հակառակը պնդել, քանի որ չի տեսել այդ արջերին:

«Բայց, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք պետք է ունենանք օրենք, որն իսպառ արգելի որևէ վայրի կենդանու պահելը ժամանցային կենտրոններում, որովհետև բացառությամբ կենդանաբանական այգիների, մնացած անձերը կենդանիների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծում»,-ասաց նա:

Կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը:

Սիլվա Ադամյանն ասում է, որ եթե արջերի պարագայում ինչ-որ բան ուղղել հնարավոր է, այսինքն՝ նրանց ռեաբիլիտացնել վայրի բնության մեջ, որովհետև Հայաստանի բնաշխարհի պայմանները դա ներում են, ապա ահավոր է վիճակը այլ՝ Հայաստան ներկրված էկզոտիկ կենդանիների դեպքում:

Հարցին, թե ինչու են մարդիկ ժամանցի վայրերում վայրի կենդանիներ պահում, բնապահպանը կարճ պատասխանեց՝ բիզնես։ Իսկ մարդկանց վերաբերյալ, որոնք կենդանիներին պահում են տանը, բնապահպանը հարցրել է անգամ հոգեբաններին, որոնց մասնագիտական պատասխանն այն է, որ վերջիններս կայանալու խնդիր ունեն: