Բանգկոկում մեկնարկել է աշխարհի ամենահարուստ միապետի հուղարկավորման 5-օրյա արարողությունը (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր պետություններից թագավորական ընտանիքների անդամները, արիստոկրատներն ու քաղաքական գործիչները շարունակում են ժամանել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկ, որտեղ մեկնարկել է երկրի նախկին միապետ Պումիպոն Ադուլյադետի հուղարկավորության 5-օրյա արարողությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջիններից Բանգկոկ են ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան, Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, Բահրեյնի վարչապետը: Ակնկալվում է, որ դեռևս ժամանելու են Բելգիայի թագուհին, Դանիայի արքայազնը, Ճապոնիայի արքայազնն ու արքայադուստրը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի 26-ին հանգուցյալը կդիակիզվի, ինչից հետո երկրով մեկ կանցկացվեն սգո արարողություններ:
Հիշեցնենք, որ Թայլանդի միապետը, որն ամենահարուստն էր համարվում աշխարհում, մահացել է 2016թ. հոկտեմբերին: Ութսունութամյա միապետի դին մեկ տարի պահվել է թագավորական պալատում, որպեսզի մեկ տարի տևած համազգային սուգից հետո այրվի:

Հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում երկրի բնակչության 1/5-րդը (12 մլն մարդ) այցելել է պալատ՝ հրաժեշտ տալու թագավորին:

Նշվում է, որ միապետի հուղարկավորության արարողության շրջանակում արվելիք միջոցառումների համար հատկացվել է 90 մլն դոլար:

Պարբերականը հավելում է, որ Պումիպոն Ադուլյադետի կառավարել է 70 տարի: Այդ ընթացքում նա վերականգնել է միապետության հզորությունն ու Թայլանդը փրկել կոմունիզմից: Կառավարման տարիների ընթացքում նա մեծ հարստություն է կուտակել:












