Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է տիրում Արարատի մարզում. վարչապետ (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շրջակա միջավայրի աղտոտվածության վերացմանն ու կանխարգելմանը:
«Նախկինում հանձնարարական հնչեցվել էր պատասխանատվությունների խստացման վերաբերյալ, որը մշակման փուլում է: Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը»,-ասաց վարչապետը:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Տարածքային կառավարման ու զարգացման, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարներին ու ջրպետկոմի նախագահին վարչապետը հանձնարարեց ձեռնարկել ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքերի վերացման միջոցներ` կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
Նա հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերի կանխարգելման ու պատճառված վնասների փոխհատուցման ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ: «Պետք է ուսումնասիրել այս խնդիրը ու կիրառել համապատասխան գնահատականներ ու պատժամիջոցներ»,- ասաց նա:










