Բանավեճ ԱԺ-ում. Խոսրով Հարությունյանը Նաիրա Զոհրաբյանի դիտողությունը որակեց որպես թաղային հեղինակություններին բնորոշ բառամթերք (ուղիղ)

15:24 • 26.10.17

 

Այսօր ԱԺ–ում «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ամբիոնին մոտեցավ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և մինչ բուն նախագծին կանդրադառնար, պատասխանեց «Ծառուկյան դաշինքի» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ իրեն ուղղված արտահայտությանը:

«Անցյալ օրը քննարկումներից մեկի ժամանակ իմ հասցեին հնչեց արտահայտություն. տիկի՛ն Զոհրաբյան, թույլ տվեք նկատել այսպես` թաղային հեղինակություններին բնորոշ տոնով և բառամթերքով: Անկասկած, մեկ այլ պարագայում ինձ հասցեագրված այդ արտահայտությունն անպատասխան չէի թողի, բայց հավատացնում եմ ձեզ` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս հաշվի չառնել, որ դուք կին եք, ուստի մտերմաբար, բարեկամաբար, դուք ոչ միայն կուսակցության ներկայացուցիչ եք, նաև կին, հետևաբար փորձեք կնոջը բնորոշ նազանքով, վեհությամբ այս ամբիոնն օգտագործել: Ընդունեք սա որպես ավագ ընկերոջ բարեկամական հորդոր»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ, նաև այսօր Նաիրա Զոհրաբյանը նշել էր` «մեզ հետ սպառնալիքով չխոսեք»` նկատի ունենալով Խոսրով Հարությունյանի` հանձնաժողովի առջև դրված պայմանը` կա՛մ օրենքը հիմա է ընդունվում այս տեսքով, կա՛մ երբեք:  

Խոսրով Հարությունյանն այնուհետև անդրադարձավ ներկայացված նախագծին. ասաց, որ քաղաքական նպատակը լուրջ է և շատ կարևոր, որը փորձ է նախևառաջ ՓՄՁ շուկայում տրամաբանական իրավիճակ ստեղծելու:  

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծը վառ օրինակ է, որ Կառավարությունը չի մերժում ընդդիմության առաջարկները և եթե կա տրամաբանություն՝ հաճույքով աջակցում է:

Քննարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ում հարցադրումը նախագծին չէր վերաբերում: «Մեր գործընկերոջ մասին ասացիք` պատեհ չեք համարում և այլն: Ինչի՞ եք սպասել, կարելի էր շատ հանգիստ մոտենալ, զրուցել և պրոբլեմները հանել, ինչո՞ւ էիք ուզում հնչեցնել, ո՞րն է նպատակը... Որովհետև, երբ ասացիք հիմա կամ երբեք, դուք շատ լավ գիտեիք. անցյալ քննարկման ժամանակ չէի ուզում ասել, բայց հիմա կասեմ… ասում էի՝ իջեցնեք 80 մլն-ի շեմը, ինչի՞ դա քվեարկության չդրեցիք»,-պարզաբանում պահանջեց Մելքումյանը:

Խոսրով Հարությունյանը նշեց, թե չեն համաձայնել առաջարկին, քանի որ խմբակցությանն առաջարկվել է վիճակագրությանը հետևել և նոր միայն այդ ճանապարհով գնալ. «Բայց դուք մերժեցիք, ասացիք` ոչ, հիմա դրեք: Ես համոզվում եմ, որ դուք այդքան մտահոգված չեք, որ ՓՄՁ-ների վիճակը բարելավվի, այլ հաճույք զգացիք, որ մենք մերժեցինք այդ նախաձեռնությունը՝ համոզված լինելով, որ այս ամբիոնը կօգտագործեք ոչ օբյեկտիվ ներկայացնելու համար»,-պատասխանեց Հարությունյանը, ապա անցավ կրկին Նաիրա Զոհրաբյանին. «Ինչ վերաբերում է Ձեր կուսակցության անդամին` ես շատ կոռեկտ ասացի, որ եթե իրոք որևէ մեկը բան ուներ ասելու, կարող էր մոտենալ և ասեր ինձ առանձին, ի՞նչն էր խնդիրը»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, թե ինքը կոռեկտության կողմնակից է:

Ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով նշեց, որ եթե քննարկելու նյութ կար, Հարությունյանը կարող էր քննարկել առանձին: «Անթույլատրելի եմ համարում որևէ կնոջ վարք քննարկել, մենք կարող ենք պարզաբանել խնդիրը, սա կրտսեր ընկերոջ կարծիք է՝ ուղղված պարոն Հարությունյանին»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, թե իր համար կոմֆորտ չէ նրանց առաջարկը մերժելը և իր նպատակը եղել է « անկեղծ, մաքուր», փորձել է ստեղծել կոմպրոմիսի հնարավորություն: