Բաղդադը մերժել է Իրաքյան Քրդստանի՝ անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու առաջարկն ու պահանջել արդյունքների չեղարկում
Իրաքի իշխանությունները մերժել են Իրաքյան Քրդստանի՝ անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները սառեցնելու պայմանով բանակցությունների գնալու առաջարկը, այս մասին տեղեկանում ենք diken.com.tr կայքից:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի իշխանություններն առաջարկել են պաշտոնական Բաղդադին դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների՝ բաց երկխոսության միջոցով. հանուն դրա Քրդստանը պատրաստակամություն է հայտնել սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:
Քրդստանի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությամբ քրդական կողմն առաջարկել էր Իրաքի կենտրոնական իշխանություններին իրավիճակի կարգավորման հետևյալ քայլերը՝ դադարեցնել կրակը, անցնել բաց բանակցությունների՝ հիմնվելով Իրաքի սահմանադրության վրա՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։
Հաղորդվում է, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մերժել է քրդերի այս առաջարկն ու պահանջել անկախության հանրաքվեի արդյունքների ամբողջական չեղարկում, այլ ոչ թե սառեցում:
«Բաղդադի այս արձագանքն անակնկալ չէ, քանի որ Բաղդադը որպես բանակցությունների գնալու առաջնային պայման ի սկզբանե հայտարարել էր անկախության հանրաքվեի արդյունքների չեղարկումը», - գրում է կայքը:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:










