Իրաքի բանակը քրդական ուժերից հետ է վերցրել Սիրիայի հետ սահմանին «Ռաբիա» անցակետը
Իրաքի բանակն իր վերահսկողության տակ է առել Սիրիայի հետ սահմանին գտնվող «Ռաբիա» անցակետի տարածքը, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվելուց հետո գտնվում էր քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատների հսկողության տակ:
Ինչպես փոխանցում է demokrathaber.org կայքը, քրդական ուժերն այս անգամ էլ տարածքը հանձնել են առանց մարտերի: Իրաքի բանակը նախապես պահանջել է քրդական ուժերից լքել տարածքը, այնուհետ քրդական խմբավորման զանգվածային նահանջի արդյունքում վերահսկողություն սահմանել Մոսուլի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիրիայի հետ սահմանային անցակետի նկատմամբ:
Ավելի վաղ Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:










