Կիմ Չեն Ընը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար վերընտրվելու առթիվ

10:11 • 26.10.17

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հյուսիսկորեացի առաջնորդի հեռագրում նշվում է, որ «այսօր չինացի ժողովուրդը Սի Ծինփինի գլխավորած Կոմկուսի կենտկոմի ղեկավարության ներքո բռնել է նոր դարաշրջանի սոցիալիզմի կառուցման ուղին»:

Բացի այդ, Կիմ Չեն Ընն աշխատանքային մեծ հաջողություններ է մաղթել չինացի գործընկերոջը՝ վստահություն հայտնելով առ այն, որ երկու պետությունների և երկու կուսակցությունների միջև հարաբերությունները կզարգանան ի շահ չինացի և հյուսիսկորեացի ժողովուրդների։

Հավելենք, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Չինաստանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես հավանական միջնորդ պետություն: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դիմել է Ծինփինին՝ պահանջելով բանեցնել Փհենյանի նկատմամբ ունեցած ազդեցության լծակներն ու ստիպել այդ երկրին վերջ տալ միջուկային և հրթիռային փորձարկումներին: