Լոս Անջելեսի դատարանը Քըրք Քրքորյանի 500 միլիոն դոլարը տնօրինելու թույլտվություն է տվել
Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել միլիարդատիրոջ 1,6 միլիարդ դոլար կարողությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպությունների փոխանցել, հայտնում է «Ասպարեզ»-ը՝ վկայակոչելով mynews.la-ին:
Նշվում է, որ Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը երեք տարվա ընթացքում:
Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:
Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» հանդեսի, 2007 թվականին կազմել է 15 միլիարդ ամերիկյան դոլար, բացի այդ՝ նա համարվում էր «Լաս Վեգասի հայրը»:
Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Քըրք Քրքորյանը մշտապես օգնել է Հայաստանին ու Արցախին:
2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն՝ Հայաստանի ազգային հերոսի կոչում։










