Իրաքյան Քրդստանը հայտարարել է Մոսուլի մոտ Իրաքի բանակի կողմից «փեշմերգա»-ի դիրքերի գնդակոծման մասին

09:49 • 26.10.17

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքի բանակի կողմից քրդական «փեշմերգա» ուժերի դիրքերի գնդակոծման մասին: 

Ինչպես տեղեկանում ենք Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի Twitter-յան էջից, կրակը բացվել է Մոսուլից ոչ հեռու գտնվող դիրքերի ուղղությամբ:

«Իրաքի բանակն ու Իրանի աջակցությունը վայելող Իրաքի աշխարհազորային ուժերը (PMF) գնդակոծում են «փեշմերգա»-ի դիրքերը։ Տեղի է ունենում գրոհ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի իշխանություններն առաջարկել են պաշտոնական Բաղդադին դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների՝ բաց երկխոսության միջոցով. հանուն դրա Քրդստանը պատրաստակամություն է հայտնել սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:

Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը նախաձեռնել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: