Նազարբաևը հավանության է արժանացրել լատինական գրի վրա հիմնված նոր ղազախական այբուբենի նախագիծը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավանության է արժանացրել լատինական գրի հիման վրա ղազախական այբուբենի նախագիծը, հայտնում է Sputnik Ղազախստանը:
Պետության ղեկավարը հանձնարարել է պատրաստել համապատասխան հրամանագիրը նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ջակսըբեկովի և նրա առաջին տեղակալ Մարատ Տաժինի հետ հանդիպմանը:
Նազարբաևը նշել է, որ առաջարկված վերջին տարբերակն ակտիվ քննարկվել է և ստացել հանրային աջակցություն:
«Հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը: Վերջին տարբերակը հրապարակվել է: Կա կոնսենսուս գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երիտասարդության և Ղազախստանի ազգային ժողովի ներկայացուցիչների միջև»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Նա նաև ընդգծել է լատինական գրի հիման վրա այբուբենի փուլային և համակարգային անցման կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ կազմել:
Նշենք, որ ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման մասին Նազարբաևն առաջին անգամ խոսել է դեռևս 2012թ.-ին: Այն ժամանակ նա նշել էր, որ դա կնպաստի լեզվի զարգացմանն ու կդարձնի ղազախերենը ժամանակակից ինֆորմացիայի լեզու:










