Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում դրությունը շարունակում է բարդ մնալ

17:00 • 26.10.17

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն ակտիվացնելու Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:


«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ուղղված շփման գծում լարվածության նվազմանը»,- ասել է նա:


ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հերթական հանդիպումն են նախապատրաստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ «կարգավորման հիմնարար հարցերը և իրավիճակի կայունացման ուղղությամբ հնարավոր միջոցները քննարկելու համար»:


Զախարովան ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում դրությունը շարունակում է «բարդ» մնալ:


«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում դրսևորել չլուծված հարցերի հանգուցալուծման առնչությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: