Մեր նպատակը պատերազմը չէ. Պենտագոնի ղեկավարն այցելել է Հս. Կորեայի սահման

10:20 • 27.10.17

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հոկտեմբերի 27-ին այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանագիծ՝ ապառազմականացված գոտի, որտեղ խոսել է Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակից:

Ինչպես նշում է CNN-ը, Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակը Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սկսելը չէ: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը հարցի դիվանագիտական լուծման կողմնակից է:

«Մեր նպատակը ոչ թե պատերազմն է, այլ Կորեական թերակղզու ամբողջական, հուսալի ու անխախտելի ապամիջուկայնացումը»,-հայտարարել է Մեթիսը:

Ավելի ուշ հարավկորեական ռազմակայաններից մեկում ունեցած ելույթի ժամանակ Մեթիսն ասել է, որ թեև ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ջանք չեն խնայում դիվանագիտական լուծում գտնելու համար, այնուհանդերձ՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը թերակղզում չափազանց կարևոր է:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրների միջև եղած ապառազմականացված գոտին, որը Հյուսիսային և Հարավային Կորեաների փաստացի սահմանն է, ունի 4 կմ լայնություն և 250 կմ երկարություն: Այն հաստատվել է 1953թ.՝ Կորեական պատերազմի ավարտից հետո: Այնուհանդերձ, կողմերը տեխնիկապես շարունակում են հակամարտության մեջ մնալ, քանի որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:

Հանրապետական Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն սկսել է ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի հանդեպ: Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այդ երկիրը չհրաժարվի միջուկային ու հրթիռային փորձարկումներից: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ միջուկային ու հրթիռային ծրագրերն ԱՄՆ-ի ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են: