Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել թմրանյութերի տարածման պատճառով

11:59 • 27.10.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 26-ին արտակարգ դրություն է հայտարարել երկրի առողջապահական ոլորտում, ինչը պայմանավորված է ափիոնային թմրանյութերի տարածմամբ:

Ինչպես նշում է cnn.com-ը, 71-ամյա ղեկավարն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը:

«Այսօրվանից իմ վարչակազմն ափիոնային թմրամիջոցների ճգնաժամի պատճառով առողջապահության ոլորտում պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարում»,-ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ անցած տարի թմրանյութերի չարաշահումից մահացել է 64.000 ամերիկացի: Թրամփը նաև մանրամասնել է, որ ԱՄՆ-ն աշխարհում օփիատների խոշորագույն օգտագործողն է:

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ իրենց կհաջողվի վերջ տալ ափիոնային թմրամիջոցների տարածման համաճարակին:

Օփիատներն ափիոնի թմրեցուցիչ ալկալիներն են: Դրանց շարքին են դասվում ինչպես բնական, այնպես էլ դրանց կիսասինթետիկ տեսակները: