Համացանցում հրապարակվել է անսարք զբոսանավով բաց ծովում 5 ամիս մնացած կանանց փրկության տեսանյութը

13:30 • 27.10.17

Վիրտուալ տիրույթում հրապարակվել է 5 ամիս շարունակ անսարք զբոսանավով բաց ծովում մնացած երկու կանանց ու նրանց շների փրկության տեսանյութը:

Հայտնի է, որ կանանց փրկել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Էշլանդ» նավի անձնակազմը՝ Ճապոնիայի ափերից 1.400 կմ հեռավորության վրա:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է կանանցից մեկը ցնծում ու օդային համբույրներ ուղարկում իրենց փրկելու եկածներին, մինչդեռ շները ոգևորված այսուայն կողմ են վազում, թափահարում պոչերը:

Հիշեցնենք, որ Հավայան կղզիների բնակչուհիներ Ջենիֆեր Ափելն ու Տաշա Ֆուաբան մայիսին որոշել են զբոսանավով Թաիթի ուղևորվել: Հայտնի է, որ Հավայան կղզիների ու Թաիթիի միջև հեռավորությունը 4.415 կմ է:

Մայիսի 30-ին փոթորիկ է սկսվել, ու զբոսանավի շարժիչը փչացել է: Կանայք չեն հուսահատվել ու որոշել են առագաստների օգնությամբ հասնել նշանակման վայր, բայց ի վերջո շեղվել են ճանապարհից ու հայտնվել բաց ծովում: Նրանք օգնության հաղորդագրություններ են ուղարկել, սակայն ազդակը չափազանց թույլ է եղել մյուս նավերին հասնելու համար:

Հոկտեմբերի 24-ին կանանց հայտնաբերել է թայվանական ձկնորսական նավը, որը կապվել է Գուամ կղզում ԱՄՆ առափնյա ծառայության հետ: Այնուհետև իրականացվել է նրանց փրկության գործողությունը:

Կանայք խոստովանել են, որ իրենց հաջողվել է ողջ մնալ զբոսանավում բավարար քանակությամբ ջուր ու սնունդ ունենալու շնորհիվ: