Հայաստանում ստոմատոլոգիական տուրիզմը վերջին տասնամյակում մեծ բում է ապրել. ԲԿ տնօրեն
Բժշկական տուրիզմը միշտ եղել է պահանջված բոլոր ժամանակներում, ինչը պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում առանձին ուղղություններ են զարգացած և ավելի մասնագիտացած: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստոմատոլոգիական տուրիզմը վերջին տասնամյակում մեծ զարգացում է ապրել, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը, ասաց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Սեդրակ Ղուշչյանը։
«Ստոմատոլոգիական տուրիզմը վերջին տասնամյակում մեծ բում է ապրել, և այդ ուղղությունը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում զարգացում է ապրել, դարձել բավականին գրավիչ ուղղություն»,-ասաց նա:
Նա օրինակ բերեց, որ ատամնալիցքն ԱՄՆ-ում արժե 150 դոլար, Մեքսիկայում` 15-50 դոլար, Հայաստանում՝ 15-40 դոլար։ Պրոթեզավորումը ԱՄՆ-ում արժե 1800 դոլար, Մեքսիկայում՝ 240-900, Հայաստանում՝ 100-200 դոլար, ինչ վերաբերում է իմպլանտներին (շապիկների հետ միասին), ապա ԱՄՆ-ում այն արժե 2500-4000 դոլար, Մեքսիկայում` 1500-2000, Հայաստանում` 500-1500 դոլար:
«Լինելով ամենամեծ սփյուռք ունեցող երկրներից մեկը՝ Հայաստանը բուժման նպատակով բավականին հետաքրքիր է դարձել հատկապես սփյուռքահայերի համար, ովքեր Հայաստան են գալիս հարազատներին տեսակցելու, հայրենիքում հանգստանալու և միաժամանակ ատամները բուժելու համար, քանի որ վերջինս ավելի գրավիչ և մատչելի է»,-ասաց նա։
Խոսելով զարգացման նախադրյալներից՝ Սեդրակ Ղուշչյանը նշեց, որ դրա հիմնական գործոնը մասնագետների` պահանջարկից ավելին լինելն է:
«Ատամնաբույժներն ավելի շատ են, քան պահանջվում է մեր նման փոքր երկրի համար, իսկ ավելի շատ առաջարկը առաջացնում է մրցակցություն, ինչը տանում է երկու ուղղությամբ: Առաջինը` գների հնարավոր չափով իջեցումն է, և երկրորդը՝ մասնագետների որակական զարգացումն է»,-ասաց նա և կարևորեց նաև նյութատեխնիկական բազան, տեխնոլոգիական ժամանակակից լուծումները:
Ըստ նրա`մեր մասնագետները միջազգային շուկայում բավականին մրցունակ են և այստեղ անգամ բուժման են գալիս արտերկրում ոչ բավարար բուժում ստացածները և ստանում կրկնակի բուժում:
«Մեզ մոտ գալիս են, որովհետև մատչելի է, և նաև մասնագետները բարձր հմտություններ ունեն»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ ճիշտ ընտրության խնդիր կա, և շատ կարևոր է լավ և փորձառու մասնագետի ընտրությունը, հակառակ դեպքում ոչ փորձառու մասնագետները կարող են այս ոլորտում բացասական ազդեցություն թողնել:
«Պետք է պահենք այն ձեռք բերված մակարդակը, անունը, որն այսօր կա ոլորտում, որակական առումով չփչացնենք: Երկրորդ կարևոր քայլն այն է, որ դրսում հայերը այլ երկրների քաղաքացիներին ևս ներկայացնեն Հայաստանի հնարավորությունների մասին, քարոզչություն իրականացնեն»,-ասաց նա և նշեց, որ այս առումով Հայաստանը մեծ պոտենցիալ ունի:










