Շատերը հաշմանդամության կարգ չեն ստանում նոր մեթոդական ուղեցույցի ներդրման պատճառով. պաշտոնյայի խոսքով՝ կա 850 բողոք

19:21 • 27.10.17

Հաշմանդամության կարգ ունեցողներին միտումնավոր չեն զրկում կամ կարգը փոխում, ուղղակի ներդրվել է հիվանդությունների ուսումնասիրման նոր մեթոդական ուղեցույց, ըստ որի՝ բոլոր բժիշկ փորձագետները նույն երևույթին պետք է տան նմանատիպ գնահատական:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը:

«Կա կառավարության որոշում 2003 թ.-ի, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներ են կոչվում, որի հիման վրա էլ անձին ճանաչում են հաշմանդամ: Այս որոշումը փոփոխության չի ենթարկվել, սակայն այս տարվա մարտի 31-ին փոփոխության է ենթարկվել հիվանդությունների մեթոդական ուղեցույցը:  Ըստ դրա՝ հաճախակի հաշմանդամություն բերող 16 հիվանդություններ ավելի մանրակրկիտ, ընդլայնված ձևով են ուսումնասիրվում»,- հայտնեց նա:

Անուշ Սիմոնյանի խոսքով՝ այս մեթոդական ուղեցույցի ներդրումից՝ նոր չափորոշիչների կիրառումից հետո այն անձիnք, ովքեր տարիներ շարունակ հաշմանդամ էին ճանաչվում, այժմ զրկվում են կարգից:

Ըստ նրա՝ ՀՀ-ում հաշմանդամությունը հետևյալ ձևակերպումն ունի՝ հիվանդություն, որը բերում է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարման, ինչն էլ հանգեցնում է կենսագործունեության որևէ տեսակի, աստիճանի սահմանափակում:

«Այսինքն, եթե այս բաղադրիչները միասին չեն լինում, անձը հաշմանդամ չի կարող ճանաչվել: Այժմ ֆունկցիոնալ խանգարման այս մասը հստակեցված է նոր մեթոդական ուղեցույցում, այսինքն՝ պետք է բոլոր բժիշկ փորձագետները նույն երևույթին տան նմանատիպ գնահատական: Սա է պատճառը, որ մարդիկ, որոնք ստանում էին հաշմանդամության կարգ, հիմա հաշմանդամ չեն ճանաչվում»,- նշեց Անուշ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Tert.am բազմաթիվ ահազանգեր է ստանում հաշմանդամության կարգից զրկման կամ փոփոխության վերաբերյալ:

Մեկ դեպքում Բեխչետի անբուժելի հիվանդությամբ տառապող Հրանտ Բադալյանը հայտնել էր, որ 2 տարի ստացել է հաշմանդամության կարգ, իսկ երրորդ տարում զրկվել է երկրորդ խմբի հաշմանդամության կարգից: Դեպքի վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատուն նշեց. «Նորից եմ կրկնում՝ եթե առողջական խնդիրները չեն բերում օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարման, միայն առողջական խնդրի համար անձը հաշմանդամ չի կարող ճանաչվել: Եթե օրգանիզմի կայուն ֆունկցիան խանգարված չէ, ապա նա հիվանդ է և պետք է ժամանակ առ ժամանակ բուժումներ ստանա: Երբ որ իր մոտ կառաջանա ֆունկցիայի կայուն խանգարում, նրա նկատմամբ կսահմանվի հաշմանդամություն»:

Անուշ Սիմոնյանը նաև հայտնեց, որ նոր մեթոդական ուղեցույցից հետո գործակալությունը 850 բողոքի դիմում է ստացել, որոնք այժմ վերափորձաքննության բաժնում են:

Նա պնդում է, որ մեթոդական ուղեցույցի փոփոխությունը բյուջեի սղության հետ կապ չունի, հակառակ դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆինանսական միջոցներ չէր ներդնի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող նոր ծրագրում: Ա. Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ներդրվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգիչով գնահատման մեթոդը, որն այժմ իրագործվում է պիլոտային ծրագրով:

«Հիմքում դրված է այն, որ այսօր հաշմանդամ չճանաչված անձիք, եթե բուժման կարիք ունեն, իրենց համար կլրացվի վերականգնողական անհատական ծրագիր և նրանք պետական պատվերի շրջանակում բուժում կստանան: Սրանով նրանք հիվանդության ֆունկցիոնալ վիճակը չի խորանա և հաշմանդամություն ձեռք չեն բերի»,- հայտնեց նա:

Ըստ նրա՝ եթե վերականգնողական անհատական ծրագիրը մինչև այժմ տրվում էր միայն հաշմանդամ ճանաչված անձանց, ապա այժմ դրանից կկարողանան օգտվել նաև փորձաքննության ենթարկված և հաշմանդամ չճանաչված անձինք: