Ռուսաստանը թույլատրել է Թուրքիայից լոլիկի ներկրումը

16:36 • 27.10.17

Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը՝ երկրի գյուղատնտեսության նախարարության հաստատած ծավալների շրջանակում: Այդ մասին ասված է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած ՌԴ կառավարության որոշման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Սահմանված փոփոխությունը թույլ կտա 2017 թվականի նոյեմբերի 1-ից թուրքական լոլիկի մատակարարումներ իրականացնել ռուսական շուկա։ Դա կիրականացվի Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից որոշվող ծավալով՝ Թուրքիայի իրավասու մարմնի երաշխավորությամբ՝ «Ռոսսելխոզնադզորի» վերահսկողությամբ»,- հաղորդվում է փաստաթղթում:


Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտնել է, որ Թուրքիայից Ռուսաստան 50 հազար տոննա լոլիկի մատակարարումը համաձայնեցվել է պրոֆիլային գերատեսչությունների կողմից և կարող է սկսվել նոյեմբերի 1-ից, ընդ որում՝ մատակարարումներն իրականացնելու են չորս թուրքական ձեռնարկություն:


Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, իր հերթին, շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախարարին կայացրած որոշման համար՝ ընդգծելով, որ սահմանափակումները չեղարկվել են նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ:


Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից սահմանափակել էր Թուրքիայից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը: Այդ որոշումը կայացվել էր 2015-ի նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո: