Զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային դիրքերը լքելու պահանջն իրականացնելու համար. Իրաքի վարչապետ

11:04 • 28.10.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ քրդական «փեշմերգա» ուժերի և Իրաքի բանակի միջև 24-ժամյա զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային անցակետերն ու այլ սահմանային դիրքեր լքելու պահանջն իրականացնելու համար, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Աբադին շեշտել է, որ քրդական կողմի ներկայացուցիչները համաձայնել են այս պայմանին:

24-ժամյա զինադադարի ընթացքում քրդական ուժերը պետք է լքեն սահմանային դիրքերն ու հանձնեն դրանք Իրաքի բանակային ուժերին, որոնք կտեղակայվեն այնտեղ մինչ զինադադարի ավարտը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իրաքի բանակի և քրդական «փեշմերգա» ուժերի միջև զինադադար է հաստատվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: