Պուչդեմոնին Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Իսպանիայի փոխվարչապետը

13:57 • 28.10.17

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային, այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի կառավարական պաշտոնական լրատուից:

Բացի այդ, Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի նախարարների խորհրդի լիազորությունները: 

Ուժի մեջ է մտնում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին պաշտոնից զրկելու որոշումը: Իսպանիայի կառավարության ընդունած փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո նա պետք է լքի պաշտոնը, հակառակ դեպքում՝ կմեղադրվի երկրի իշխանության յուրացման փորձի համար:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:

Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն:

Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: