Թիվ 17 հատուկ դպրոցում տնօրենի ընտրության ժամանակ անօրինական գործողություններ են եղել, ասում է դպրոցի կոլեկտիվը (տեսանյութ)
Հենաշարժական խնդիրներ ունեցողների թիվ 17 հատուկ դպրոցում տնօրենի ընտրության ժամանակ անօրինական գործողություններ են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեցին դպրոցի աշխատակիցներն ու գործով փաստաբանները: Փաստաբաններից Վահագն Խաչատրյանը, ներկայացնելով գործընթացը, մանրամասնեց, որ կա դպրոցի ընտրության հատուկ կարգ:
«Լինում է խորհրդի նիստ, մասնակից է հրավիրվում ԿԳՆ-ից, եթե նա չի գալիս, ապա մրցույթը չի կայանում: Նախարարը հրաման է տալիս ու դպրոց գործուղում աշխատակից, սակայն այդ աշխատակցը, անտեսելով նախարարի հրամանը, չի ներկայանում դպրոցի տնօրենի ընտրությանը: Սա շատ անհասկանալի է, քանի որ ինչպե՞ս կարելի է նախարարի հրամանին քմահաճությամբ վերաբերվել: Արդյունքում նիստը չի կայանում, նույն պատկերն է լինում, երբ 2-րդ անգամ է ընտրություն կազմակերպվում: Այսինքն` ստեղծվում է մի վիճակ, որ նախարարը լիազորություն ունենա դպրոցի տնօրեն նշանակել և նշանակում է Վերգինե Եսայանին»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք դիմել են վարչական դատարան, որտեղ օրենքի ուժով կասեցվել է տնօրենի գործունեությունը։ Սակայն նա նկատեց, որ գործն այսօր ուղղորդվել է Կենտրոնի դատարան: Խաչատրյանի խոսքով՝ դատարանը որոշում է կայացրել կասեցնել Վերգինե Եսայանի գործունեությունը, ԿԳՆ-ն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Մարիետա Ավետիսյանին և հրամանագրել, որ տնօրեն չի լինի այնքան ժամանակ, մինչև այս գործով դատական գործընթացները չավարտվեն:
«Սակայն, երբ դատարանն արգելքը վերացրեց, ԿԳ նախարարն, իր նախկին հրամանն անտեսելով, անմիջապես հաջորդ օրը տնօրեն նշանակեց Վերգինե Եսայանին: Հարցն այն է, որ նախարարությունը, երբ արգելքը հանելու միջնորդություն ներկայացրեց, ասաց, թե անհրաժեշտություն չկար նախարարի հրամանը կատարելը»,- շարունակեց Վահագն Խաչատրյանը:
Գործով մյուս փաստաբան Էդուարդ Աղաջանյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ զուտ օգտագործում են իրենց իշխանական լծակները, որպեսզի տնօրեն նշանակեն իրենց ցանկալի թեկնածուին:
«Վերգինե Եսայանը դաշնակցական Բագրատ Եսայանի կինն է, հայտնի է, որ նախարարն էլ Դաշնակցություն կուսակցության անդամ է: Այստեղ իրավիճակ է ստեղծվում, որ խախտվում է օրենքի պահանջը, բայց եթե չկար օրենքի պահանջ, ապա թող միանգամից տնօրեն նշանակեին: Բայց մրցույթներն արհեստական վիժեցրեցին, իսկ մենք բողոքարկել ենք դատարանում: Այսօր, քանի որ տնօրեն չկա, կնիքը չի օգտագործվում, ու մանր քայլերով են աշխատում՝ ջրամատակարարումն են դադարեցնում, էլեկտրաէներգիան են անջատում»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:
Դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմ Խաչատրյան էլ նկատեց,որ խախտվել է իրենց կոլեկտիվի սահմանադրական իրավունքը, այսինքն՝ ընտրելու, ձայնի իրավունքը:
«Մենք որևէ թեկնածու չենք պաշտպանում, մեր հիմնական պահանջն այն է, որ օրինական ճանապարհով լինի ընտրություն, և օրինական ճանապարհով մրցույթը հաղթած, թեկնածուն դառնա տնօրեն: Եթե Վերգինե Եսայանն օրինական ճանապարհով հաղթեր մրցույթը, ապա մենք ծափահարություններով կընդունեինք նրան»,- ընդգծեց Խաչատրյանը:
Ուսուցչուհիներից Համեստ Փիրումյանը, որը նաև դպրոցում ծնող է եղել, հերքեց, թե սուտ են լուրերը, որ անօրինական գործողությունների դեմ բողոքում են նախկին տնօրենի աշխատակիցները: Նա նաև հերքեց, թե այսօր խախտվել են դպրոցի բնականոն աշխատանքներ:
«Աուդիտ են արել ու չեն հրապարակել արդյունքները, սակայն ասում են, թե չարաշահումներ կա: Հիմա էլ մամուլով ասել են, որ աշխատավարձերի վրա կալանք կդնեն, մենք դիմել ենք դատախազություն: Մեզ ահաբեկում են, սակայն այս պահին դպրոցում տնօրեն չունենք»,- շեշտեց Փիրումյանը:
Կոլեկտիվի աշխատակիցները շեշտեցին, որ եթե խնդիրը չկարգավորվի, ապա իրենք գործադուլ կանեն՝ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից:










