Մադրիդը պաշտոնից ազատել է Կատալոնիայի ոստիկանապետին

14:32 • 28.10.17

Իսպանիայի կառավարությունը պաշտոնից ազատել է կատալոնական իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնական փաստաթուղթը:


«Նախատեսվում է Խոսեպ Լուիս Տրապերո Ալվարեսի՝ Mossos d"Esquadra-ի (Կատալոնիայի ոստիկանության) ղեկավարի պաշտոնից ազատումը...»,- հաղորդվում է փաստաթղթում:


Գործակալությանը հայտնի է դարձել, որ շրջանի ոստիկանական ուժերի ղեկավարությունը կոչ է արել իր անդամներին չեզոք դիրք գրավել և չպաշտպանել կողմերից որևէ մեկին՝ փորձելով նվազեցնել լարվածությունը:


«Հաշվի առնելով, որ հնարավոր է լինի հավաքների և ցույցերի աճ շրջանի ամբողջ տարածքում և որ մարդիկ տարբեր կարծիքների են՝ մենք պետք է հիշենք, որ մեր պատասխանատվությունն է երաշխավորել բոլոր քաղաքացիների անվտանգությունը և օգնել, որ այդ հավաքներն ու ցույցերն անցնեն առանց միջադեպերի»,- ասված է հաղորդագրությունում:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային:


Բացի այդ, Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի նախարարների խորհրդի լիազորությունները: 


Ուժի մեջ է մտնում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին պաշտոնից զրկելու որոշումը: Իսպանիայի կառավարության ընդունած փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո նա պետք է լքի պաշտոնը, հակառակ դեպքում՝ կմեղադրվի երկրի իշխանության յուրացման փորձի համար:


Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:


Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: