Թրամփը խոստացել է հրապարակել Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը

10:32 • 28.10.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում խոստացել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։


«Գեներալ Ջոն Քելիի, Կենտրոնական հետախուզական վարչության ու այլ գործակալությունների հետ լուրջ խորհրդակցություններից հետո ես կհրապարակեմ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ նրանց, որոնցում հիշատակվում են դեռ ողջ մարդկանց անուններ ու հասցեներ»,- գրել է Թրամփը։


ԱՄՆ նախագահն ասել է, որ դա կանի՝ «դավադրության տեսություններին վերջ տալու նպատակով»։


Հոկտեմբերի 26-ին Թրամփը ստորագրել է Քենեդիի սպանության վերաբերյալ գրեթե 3.000 անհայտ փաստաթուղթ հրապարակելու մասին հուշագիր։ Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ կհրապարակվեն ոչ բոլոր փաստաթղթերը՝ դա բացատրելով դաշնային գործակալությունների խնդրանքով, որոնք ժամանակ էին խնդրել մինչև 2018 թվականի ապրիլի 26-ը՝ նյութերին լրացուցիչ ծանոթանալու համար։


Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակած արխիվային գաղտնի փաստաթղթերի մի մասի շնորհիվ 20-րդ դարի ամենաաղմկահարույց սպանություններից մեկի մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել: Ինչպես հաղորդվել էր երեկ, փաստաթղթերից մեկի համաձայն՝ իրական մարդասպանը ոչ թե Լի Հարվի Օսվալդն է, այլ Դալասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը:


Անանուն աղբյուրի պնդմամբ՝ պարեկային ոստիկանն ԱՄՆ նախագահին սպանելուց 45 րոպե անց ինքն է սպանվել: Ըստ ցուցմունքի՝ նրան սպանողն Օսվալդն է եղել, որը Թիփիտի վրա կրակել է ատրճանակից՝ արձակելով 4 կրակոց:


Նշվում է, որ այս տեղեկությունը վերցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվից:


1992թ. ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Նախագահ Ջոն Քենեդիի սպանության տվյալների հավաքման մասին ակտը, որը ենթադրում է նախագահի սպանության հետ կապված տեղեկությունների հավաքում ու 25 տարի անց դրանց հրապարակում: 


ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին՝ դիպուկահար զենքի միջոցով: Սպանության համար մեղադրվող Օսվալդը չի ընդունել մեղքը: Նրան սպանել են ձերբակալությունից որոշ ժամանակ անց՝ բանտ տեղափոխելու ճանապարհին: