Պատգամավորները վիճեցին. Գևորգ Պետրոսյանը Արամյանին հորդորեց չմանևրել, քանի որ ժողովուրդը հոգնել է, Գ. Մինասյանը խորհուրդ տվեց ժողովրդի անունից չխոսել

14:01 • 30.10.17

 

 ԱԺ-ում «ՀՀ  2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը մինչ հարց ուղղելը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ մատնացույց արեց  բյուջեի նախագծի գծապատկերները` նշելով, թե ժողովուրդը հոգնել է այս ամենից:

«Ուշադիր հետևում եմ գծապատկերներին՝ շատ գեղեցիկ պատկերներ են՝ կլոր, ութանկյուն, ձվաձև և այլն, բայց հավատացեք ժողովուրդը հոգնել է այս պատկերազարդ նկարներից»,-ասաց նախարարը և նշեց, թե իր հարցադրումը կոնկրետ է և ակնկալում է կոնկրետ պատասխան: «Խնդրում եմ առանց մանևրելու պատասխանել` ի վերջո երաշխավորո՞ւմ եք, որ այս նախագիծն ուղղակիորեն և տեսանելի խելամիտ ժամկետում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա, ակնկալելո՞ւ ենք թեկուզ չնչին, բայց կյանքի որակի դրական փոփոխություն ժողովրդի համար»,-ասաց նա:

Նախարարը մինչ պատասխանը ռեպլիկի կարգով արձագանքեց, որ իրենք երբեք չեն փորձում մանևրել: «Հակառակը` հանրությանը ներկայացնում ենք ճիշտ ազդակները, որտեղ ենք կանգնած և ուր ենք գնում: Գիտեք, բարդ է ասելը, որ երկու տարի սոցիալական ծախսերին ձեռք չենք տալու, որովհետև խնդիր ունենք լուծելու»,-ասաց նախարարը և հավելեց, թե որպեսզի պատասխանի` ինչ է ասել կյանքի որակի փոփոխություն, պատգամավորը լավ կլինի ասի, թե այն ինչպես է չափում:

Գևորգ Պետրոսյանը նշեց, թե նկատի ունի այն, որը սպառնալիք է դարձել հասարակության համար: «Աղքատության շեմի ինչպիսի շարժ է սպասվում, արտագաղթի ինչպիսի տեմպեր են, մարդկանց կենսամակարդակի բարձրացում սպասվո՞ւմ է, թե ոչ: Ժողովուրդը հոգնել է այս երկարաշունչ ձևակերպումներից, սխեմաներից, ես չեմ վիճարկում ձեր ազնվությունը, բայց հոգնել են այս նկարչությունից»,-ասաց նա:

Պատգամավորի հարցին միջամտեց նիստը վարող ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի Գագիկ Մինասյանը և պահանջեց հարցը ձևակերպել: «Ու ժողովրդի անունից էլ քիչ խոսեք»,-հորդորեց պատգամավորին:  

«Բայց ես ում անունից խոսեմ, եթե ես ժողովրդի կողմից եմ ընտրվել: «Ծառուկյան» դաշինքի համար թիվ մեկ չափանիշը ժողովրդի կյանքի բարելավումն է, և հարցը ներկայացնում եմ թիվ մեկ պատասխանատուին. այս նախագծով կյանքի բարելավում ստանալո՞ւ ենք, թե՞ ոչ»,-ձայնը բարձրացնելով արդեն հարցրեց նա:

Արամյանը հակադարձեց, թե միայն իրենք չեն մտածում ժողովրդի մասին: Արամյանի համար հասկանալի էր, որ տեսախցիկներ կան և հանրությունը հետևում է, թե ինչ են անում այստեղ: «Բայց ինչ անում ենք, այո, ժողովրդի համար ենք անում»,-ասաց նա և մեկ ցուցանիշ ներկայացրեց՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն աճելու է:

Նախարարն ասաց, թե եթե նույնիսկ եկամուտների մասով համեստ աճ ունեն,  ազգաբնակչությունը ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունի:


«Ես` որպես տնտեսագետ, ասեմ կարևորագույն ոսկե կանոնը. գնացեք ցանկացածին  հարցրեք` իր կյանքի որակը փոխվե՞լ է մեկ տարում։ Նույնիսկ զարգացած երկրներում, եթե  հարցում անեք` նախորդ տարվա նկատմամբ իր կյանքի որակը փոխվե՞լ է, և նույնիսկ եթե ինքը ունենա 10-12%  աճ, կտեսնեք, որ պատասխանը հիմնականում կա՛մ չեզոք է, կա՛մ բացասական, որովհետև մարդու պահանջմունքը ֆինանսապես չի չափվում»,-ասաց նա:


Վարդան Արամյանն օրինակով խոսեց. «Եթե հետ գնանք, թե 1996թ-ին ինչ էինք երազում, ունենալ, իսկ երազում էինք ուղղակի  կոստյում ունենալ, բրենդին չէինք նայում, և հիմա  ինչ ենք ուզում... Դա չի նշանակում, որ մենք այն ժամանակ չէինք երազում շատ ավելի լավ բաների մասին, բայց սպառողի հոգեբանությունն է այդպիսին»,-ասաց նախարարը և վստահեցրեց, թե իրենք երկիրը ճիշտ ուղղությամբ են տանում:

Պետրոսյանը տեղից խնդրեց հստակեցնել` հենց ա՞յս բյուջեով է այդ ամենն ապահովվելու: Նախարարը պատասխանեց` այս և ոչ միայն. «Նաև  ապագա, որովհետև սա կյանքի վերջը չէ, հարգելի ընկեր, մենք կարողանալու ենք սոցիալական խնդիրները լուծել, մեզ պետք է կայուն տնտեսական աճ»:  

Գևորգ Պետրոսյանը տեղից ցանկություն ուներ շարունակելու, ում սաստեց Գագիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ ունի մեկ հարցի և մեկ արձագանքի իրավունք: