Հանձնուքը ՔԿՀ փոխանցվում է 30-80 000 դրամով, հավելյալ տեսակցությունն արժե 5000-10 000 դրամ. դիտորդական խմբի տվյալները
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից իրականացված 2016 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ դիտորդների խումբը 13 տարի է, ինչ գործում է:
«Սա այն եզակի ինստիտուտներից մեկն է, երբ իշխանության մարմինների հետ` տվյալ դեպքում արդարադատության նախարարության հետ կա ռեալ համագործակցության հարթակ»,-ասաց նա` նկատելով միաժամանակ, որ մի բան է հասարակական խմբի կողմից հարցերի բարձրացումը, մեկ այլ խնդիր` դրանց ուղղությամբ լուծումներ տալը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը նշեց, որ թեև նախարարության կողմից դրական քայլեր իրականացվել են, կան վերանորոգված խցեր, բայց չի կարող ասել, որ առկա է արմատական, գլոբալ փոփոխություն:
«Արմատական փոփոխության խոչընդոտը հիմնականում քրեակատարողական հիմնարկի վարչության պետի նշանակումն է նախագահի կողմից և չենք կարողանում ձերբազատվել նման մենաշնորհային կառավարման գործընթացից»,- ասաց նա:
Դավիթ Ամիրյանը նշեց նաև, որ արմատական փոփոխության համար խոչընդոտ է հասարակության մեջ քրեական աշխարհի օրենքների նկատմամբ առկա վերաբերմունքը, դրական ռոմանտիկան, որը կոտրելու, վերացնելու ուղղությամբ չի կարող ասել, թե քայլեր արվել են: «Այս ոլորտի բարեփոխումները թվերի, սոցհարցումների տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այստեղ մի դեպքը կարող է հարցականի տակ դնել տարիների աշխատանքը»,-ասաց նա:
Քննարկմանը զեկուցող Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում պահման պայմանները, գերբնակեցման խնդիրը: Նա նշեց, որ կա նաև սանհանգույցների, ջրի հասանելիության խնդիր և մասնավորեցրեց, որ ծորակները սանհանգույցների ներսում են, որը հիգիենիկ պայմանների տեսանկյունից խնդիր է: Նա նաև նշեց, որ սպիտակեղենն ապահովված չէ, կա գերբնակեցման հարց: «Արդյունքում`մենք ունենք թույլատրելի թիվը գերազանցող 1100-ից ավելի կալանավոր տարվա ընթացքում»,-ասաց նա:
ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ զեկուցող Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց, որ համաձայն 2016 թվականի տվյալների՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ։ Այստեղ գների բարձարցումը նա հնարավոր համարեց, որ պայմանավորված լինի գների ընդհանուր բարձրացմամբ: Սարգսյանը հայտնեց, որ տոնական օրերին հանձնուքի ընդհանուր արժեքը գերազանցել է 100 000 հազար դրամը:
Ինչ վերաբերում է հիմնարկում գտնվող անձին գումար փոխանցելուն, ապա նա ասաց, որ նվազագույն փոխանցվող գումարը 20 000 դրամ է, ինչի համար ՔԿՀ աշխատակցին վճարվում է հավելավճար՝ փոխանցվող գումարի 10 տոկոսի չափով:
«Ըստ հարցման արդյունքների՝ հավելյալ տեսակցության համար անհրաժեշտ է լինում վճարել 5000-10 000 դրամ: 2013 թվականին բջջային հեռախոսը ՔԿՀ-ներ մտցնելու գինը 5000-10 000 դրամ էր, իսկ 2016 թ-ին դարձել է 30 000 -50 000 դրամ»,-ասաց նա և նշեց, որ պրակտիկա կա. ՔԿՀ աշխատակցին, բացի բոլոր վճարումներից, մեկ հասարակ հեռախոս է հանձնվում՝ բջջային հեռախոսների հայտնաբերման և առգրավման դրական վիճակագրությունն ապահովելու համար:
Քննարկմանը ներկա ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը` արձագանքելով նշված կոռուպցիոն դրսևորումներին, ասաց. «Կոռուպցիա կա, բոլորս էլ գիտենք, բոլոր համակարգերում էլ կա, բայց հանձնուքների հատվածն այնպես ներկայացվեց, որ կածես բիզնես է դրված: Իրականում շատ դեպքերում այդ խնդիրները վերացված են: Մենք չենք կարող գնալ ամեն մեկի ձեռքից բռնել, բայց եթե վերացնենք կամ նվազեցնենք, այդ խնդիրը կվերանա։ Եթե ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը լուծենք, խնդիրը նվազագույնի կհասցվի»:
Քրմոյանը նշեց, որ պետք է ժամանակի ընթացքում վերացվեն հանձնուքները և հնարավոր լինի փոխանցել միայն անձնական իրեր:
Ինչ վերաբերում է խցերում խավարասերների առկայությանը, Սուրեն Քրմոյանը նշեց, որ իրենք չեն կարող հետևել, թե սնունդը անձը քանի օր կարող է պահել:










