Փորձում ենք գումարն ավելի խելացի օգտագործել՝ նորից շեշտադրելով հանրության սոցիալապես անապահով խավերին․Վարդան Արամյանը՝ 5500 հաստիքային կրճատումների մասին

22:03 • 30.10.17

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով 2018 թվականին նախատեսվող շուրջ 5500 հաստիքային կրճատումների մասին եղած քննադատություններին, նշեց, որ հանրությունը իր ներկայացրած 5500 թիվը մեկին-մեկ նույնականացնում է փաստացի աշխատողների հետ, ինչը ճիշտ չէ, դա հաշվարկային ցուցանիշ է, և չի բացառվում, որ 5500 ամբողջության մեջ լինեն բավականին շատ թափուր աշխատատեղեր, որոնք որ դուրս են գալիս շրջանառությունից:

Նա, Tert.am-ի հետ զրույցում պարզաբանելով  իր առաջարկը, նշեց, որ իրենց ամենակարևոր նպատակը հարկատուների՝ պետությանը վճարած գումարն ավելի արդյունավետ և նպատակային օգտագործելն է:

«Պետք է հետևենք, որպեսզի յուրաքանչյուր կոպեկ ստեղծի նոր արժեք, հետևաբար այդ տրամաբանությունը հակասում է մեկ այլ տրամաբանության, որ աշխատատեղ պահենք՝ զուտ սոցիալական խնդիր լուծելու համար, որովհետև եթե այդ աշխատատեղը նոր արժեք չի ստեղծում կամ ծառայության որակի վրա չի ազդում, կամ այդ ծառայությունը կարող է ավելի օպտիմալ ձևով, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրականացնել, բայց ստիպված ենք գումար տալիս, որ մարդը պարզապես իր գործը անի, հակասում է ընդհանուր գաղափարախոսությանը,- ասաց նա՝ հարց ուղղելով,  նրանց, ովքեր մշտապես  քննադատում են, թե ինչու կառավարությունը օպտիմալացման չի գնում,- հարց է առաջանում՝ ինչպե՞ս գնալ օպտիմալացման:  Հնարավոր չէ գնալ դրան, առանց համապատասխան գործառույթներ վերանայելու: Իսկ այդ գործառույթները վերանայելիս պետք է նկատի առնենք, որ չպետք է վնասվի մատուցվող ծառայության արդյունավետությունն ու նպատակայնությունը և հասցեականությունը»:

Վարդան Արամյանի խոսքով՝ իրենք կրճատումների արդյունքում պահում են մատուցվող ծառայության հասցեականությունը, որակը և նպատակայնությունը: «Եթե աշխատատեղը որևիցե նոր ավելացված արժեք չի ստեղծում մեր հանրության մեջ, այո՛, նորմալ է, որ կառավարությունն այն վերանայի և այլ միջոցներ չհատկացնի  դրա համար, այլ վերաուղղի ավելի կարևոր նպատակների»,- ասաց նա՝ օրինակ՝ կարևորելով գյուղատնտեսության ոլորտում հատկացումների ավելացումը: Նա նկատեց, որ այստեղ  շուրջ  500 000 ինքնազբաղված մարդ կա:

«Եթե նրանք ինքնազբաղված են, և կառավարությունը գրեթե կրկնապատկել է գյուղատնտեսության ոլորտին տրվող ֆինանսավորումը, նշանակում է, որ այստեղ մենք վերաիմաստավորում ենք մեր գործիքակազմը: Մենք փորձում ենք գումարն ավելի խելացի օգտագործել՝ նորից շեշտադրելով հանրության սոցիալապես անապահով խավերին»,- ասաց նա:

Ֆինանսների նախարարը, պատասխանելով հարցին, որ եթե կրճատումները շարունակվելու են, ապա ինչո՞ւ են աճել մեքենաների սպասարկման, գործուղումների, պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի համար տրամադրվող գումարները, ասաց. «5400 հաստիք կրճատվելու է, ինչը 3.3 մլրդ խնայողության հնարավորություն է տալու: Բայց մենք որոշում ունենք նաև մեքենաների մասով, թե ինչ ենք ցանկանում անել։ Սակայն բյուջեում արտացոլված չէ, քանի որ դեռ պիտի քննարկում լինի մեր գործընկերների հետ, նախագիծը հաստատվի և այլն: Օրինակ՝ ԾԻԳ-երի մեքենաները, որոնք այս պահին 56-58 են, կրճատելու ենք ու դարձնենք 21: Ըստ կառավարության որոշման՝ պետական ապարատին հատկացված մեքենաների թիվը, առանց ուժային կառույցներին, շուրջ 950 է, բայց դրել ենք շրջանառության մեջ, որ սա էլ կրճատվի՝ համապատասխան որոշակի տրամաբանության»: