Կատալոնիայում հնարավոր է բախումներ տեղի ունենան ցուցարարների և ոստիկանների միջև, բայց ռազմական բախում չի լինի. բարսելոնահայության ներկայացուցիչ
Կատալոնիայի հանրաքվեից և դրան հետևած անկախության հռչակումից հետո հնարավոր է՝ բախումներ լինեն ցուցարարների և ոստիկանների միջև, բայց չեմ կարծում, որ Իսպանիան և Կատալոնիան ռազմական բախման գնան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթև Սուլյանը: «Հակառակը, կողմերը կփորձեն երկխոսությամբ ինչ-որ լուծման հանգել»,- նշեց նա: Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետի խոսքով՝ իրենց դիրքորոշումը հանրաքվեից և անկախության հռչակումից հետո չի փոխվել։ «Մենք կողմ ենք ազգերի ինքնորոշման իրավունքին և ողջունում ենք այն ազգերին, որ ձգտում են այս ճանապարհով անկախանալ և ժողովրդավարական երկիր ստեղծել»,- հայտարարեց Տ. Սուլյանը:
-Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Այս որոշումից հետո ի՞նչ է փոխվել Կատալոնիայում. փաստացի Կատալոնիան անկախություն է հռչակել:
-Հոկտեմբերի 27-ին, այո, Կատալոնիայի խորհրդարանում տեղի ունեցած փակ քվեարկությունից հետո այնտեղ ներկայացված քաղաքական ուժերն ընդունեցին հայտարարություն, որով սկիզբ դրվեց Կատալոնիայի անկախությանը: Դրանից մի քանի ժամ անց Մադրիդի կառավարությունը հայտարարեց Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի գործադրումը, այսինքն՝ այդ հոդվածով վերանում էր Կատալոնիա մարզի ինքնավար կարգավիճակը, լուծարվում է Կատալոնիայի խորհրդարանը: Իսպանիայի վարչապետն էլ հայտարարեց, որ դեկտեմբերին Կատալոնիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-Կատալոնիայի և Իսպանիայի իշխանությունների միջև լարվածության մեծացումից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել: Հնարավո՞ր է, որ ռազմական բախում սկսվի:
-Չեմ կարծում, որ կողմերը գնան ռազմական բախման և արյունահեղության, ընդհակառակը՝ նրանք կփորձեն երկխոսությամբ ինչ-որ լուծման հանգել: Իմ անձնական կարծիքով՝ հավանական է, որ ինչ-որ բախումներ տեղի ունենան ցուցարարների և ոստիկանների միջև: Ցույցերի ընթացքում Իսպանիայի կառավարությունը կարգ ու կանոն ապահովելու հիման վրա կարող է ուժ գործադրել, բայց չեմ կարծում, որ խնդիրը կհասնի ռազմական բախման:
-Բարսելոնայի հայ համայնքի դիրքորոշումը ինչպիսի՞ն է Կատալոնիայի անկախության հարցում:
-Կատալոնիայի հայ համայնքի դիրքորոշում ասելով՝ ես կարող եմ խոսել հայկական մշակութային միության անունից: Մենք հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ժամանակ հստակ դիրքորոշում էինք հայտնել, որ մենք կողմ ենք ազգերի ինքնորոշման իրավունքին և ողջունում ենք այն ազգերին, որ ձգտում են այս ճանապարհով անկախանալ և ժողովրդավարական երկիր ստեղծել: Մենք՝ որպես բարսելոնահայություն, ընդունում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը:
-Իսպանիայի կենտրոնական իշխանությունից բացի, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան նույնպես հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
-Բնականաբար, Կատալոնիայի անկախությունը ճանաչելը բոլորի կողմից միանշանակ չպետք է ընդունվեր: Նախապես էլ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեն հակասահմանադրական համարվեց, և այն չընդունվեց Եվրամիության կողմից: Հոկտեմբերի 1-ից հետո մինչև այսօր ԵՄ-ն և ԱՄՆ-ն Կատալոնիան տեսնում են Իսպանիայի կազմում, Իսպանիան տեսնում են որպես մեկ տարածքային ամբողջականություն, որի մեջ է նաև Կատալոնիան: Եթե այսօր ԵՄ-ն ողջուներ Կատալոնիայի հանրաքվեն կամ անկախությունը, բնականաբար, այլ մարզեր էլ, ոչ միայն Իսպանիայում, այլ ընդհանրապես Եվրոպայում պետք է ձգտեին նույն քայլին՝ անկախությանը:
-Հանրաքվեն և դրան հետևող գործընթացներն ինչ-որ կերպ կարո՞ղ են ազդել դեպի Բարսելոնա տուրիստական ուղևորությունների վրա:
-Ընդհանրապես, հոկտեմբերի 1-ից հետո Բարսելոնայում տուրիզմը նվազել է: Այս անորոշությունը, բնականաբար, պետք է ազդեր ոչ միայն տուրիզմի, այլև արդյունաբերության և առևտրի վրա: Որոշ կազմակերպություններ, ֆինանսական մեծ ընկերություններ՝ La Caixa-ն, Banco Sabadell-ը և այլն, իրենց գրանցման վայրը Բարսելոնայից տեղափոխել են իսպանական այլ մարզեր, որպեսզի կարողանան իրենք իրենց ապահովել և կարողանան գոյատևել Իսպանիայի տարածքում:










