Դուտերտեն կոչ է արել «ինչ-որ մեկին» համոզել Կիմ Չեն Ընին նստել բանակցային սեղանի շուրջ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ «ինչ-որ մեկը» պետք է խոսի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ու համոզի նրան նստել բանակցային սեղանի շուրջ ու քննարկել երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, գրում է ria.ru-ն:
«Բոլոր առաջնորդները համակարծիք են, որ նա վտանգավոր մարդ է: Պետք է հիշել, որ նա իր ժողովրդի առաջնորդն է: Բայց ինչ էլ որ նա իրեն հռչակի, ինչ-որ մեկը պետք է նրա հետ խոսի: Լավ կլինի, եթե Ամերիկան, Ճապոնիան, Հարավային Կորեան խոսեն Կիմ Չեն Ընի հետ ու համոզեն նրան նստել բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Դուտերտեն Ճապոնիա մեկնելուց առաջ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան իրականացրել է մի շարք հրթիռային փորձարկումներ, ինչպես նաև ջրածնային ռումբի փորձարկում՝ հրահրելով միջազգային հանրության զայրույթը: Փհենյանի կողմից միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացման պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել երկիրը:










