Եվրոպայում 6 մարդու մահվան պատճառ դարձած «Հերվարտ» ցիկլոնը մոտենում է Մոսկվային (լուսանկարներ)
Հոկտեմբերի 29-ին Եվրոպան գրոհած «Հերվարտ» փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ 2-ական զոհ է գրանցվել Գերմանիայում, Լեհաստանում ու Չեխիայում:
Այժմ ցիկլոնը շարժվում է Մոսկվայի ուղղությամբ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրևներ: Օդերևութաբանների համաձայն՝ այս շաբաթվա ընթացքում Մոսկվայում կտեղան հորդառատ անձրևներ, որոնք աստիճանաբար կվերածվեն թաց ձյան: Հայտնի է, որ երկուշաբթի և երեքշաբթի Մոսկվայում կտեղա հոկտեմբեր ամսվա համար տեղումների նորմայի 40%-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փոթորիկը սկզբում գրոհել է Գերմանիայի հյուսիսն ու կենտրոնական հատվածը: Բնական տարերքի հետևանքով Բեռլինի հրշեջ ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել՝ ընդամենը 3 ժամում 100 փրկարարական գործողություն կատարելով:
Հայտնի է, որ փոթորիկն արմատախիլ է արել հաստաբուն ծառեր ու դրանք տապալել: Ծառերի տապալման հետևանքով էլ զոհեր են գրանցվել:














