Վերջին 30 տարում չի եղել դեպք, որ պետությունը չկատարի ՄԻԵԴ վճիռը. Գ. Կոստանյանը՝ ԵԽ կողմից Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ տալու մասին
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին տեղեկացրել է իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու առնչությամբ, և Ադրբեջանի իշխանություններին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ տվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու համար:
Իրավական գործընթացի,նշված ժամկետից հետո հնարավոր զարգացումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանի հետ: Գևորգ Կոստանյանը դեռևս գարնանը հարց էր բարձրացրել այն մասին, որ Ադրբեջանը սկզբունքորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները, և Իլգար Մամեդովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց:
-Պարո՛ն Կոստանյան, ԵԽ-ն մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ Իլգար Մամեդովին ազատ արձակելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով դատական գործընթացով: Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:
-Երբ պետությունը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը, Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարանին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: Որպեսզի փաստվի՝ արդյո՞ք տվյալ պետությունը կատարել է Եվրոպական դատարանի վճիռը, թե ոչ, Նախարարների կոմիտեն իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարանին՝ այդ կարծիքն իմանալու համար: Եթե դատարանն ասաց՝ այո, տվյալ պետությունը չի կատարել իր վճիռը, այդ ժամանակ նոր քաղաքական որոշում կարող է կայացվել և հեռացնել տվյալ պետությանը Եվրոպայի խորհրդից։
-Ե՞րբ կարող են սկսվել քաղաքական գործընթացները և որ դեպքում:
-Պառլամենտական վեհաժողովը մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել Ադրբեջանին վճռի կատարման համար, հակառակ դեպքում դիմելու է Եվրոպական դատարանին, որպեսզի ստանա խորհրդատվական բնույթի որոշումը: Եթե Եվրոպական դատարանը որոշում կայացնի, որ Ադրբեջանը չի կատարել վճիռը, նոր կսկսվեն քաղաքական գործընթացները:
-Նշվում է, որ աննախադեպ քայլ է արել Նախարարների կոմիտեն՝ կիրառելով կոնվենցիայի 46-րդ հոդվածը:
-Նման նախադեպ չի եղել, որովհետև գոնե վերջին 30 տարում հաստատ չի եղել նման դեպք, որ պետությունը չկատարի ՄԻԵԴ-ի վճիռը, և Նախարարների կոմիտեն դիմի նման ծայրահեղ քայլերի: Դա կիրառվում է Ադրբեջանի նկատմամբ: Բայց Եվրոպական դատարանին դիմելը դեռևս չի նշանակում ԵԽ-ին անդամակցության դադարեցում, որովհետև դժվար է ասել, թե Եվրոպական դատարանն ինչ որոշում կկայացնի:










