Իրաքյան Քրդստանում զինված անձինք հարձակվել են խորհրդարանի շենքի վրա

14:24 • 30.10.17

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք էրբիլում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի շենքի վրա, այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Ամբոխը ներխուժել է խորհրդարանի բակ, իսկ մի շարք զինված անձինք կարողացել են նաև շենքի ներս մտնել: Նշվում է, որ զինված անձինք ներսում պատանդներ են վերցրել:

«Քրդստանի դեմոկրատական կուսակցության» անդամ հանդիսացող ակտիվիստները հարձակվել են ոչ միայն խորհրդարանի, այլև քրդական մի շարք այլ կուսակցությունների գրասենյակների վրա:

Քրդստանում գտնվող դեսպաններն ու հյուպատոսները կոչ են արել միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին միջամտել առկա իրավիճակին:

Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: