Մալթայում սպանված լրագրողի հիշատակին ակցիա է կազմակերպվել, ցուցարարները պահանջել են ոստիկանապետի հրաժարականը

13:11 • 30.10.17

Մալթայում մի քանի հազար ակտիվիստ ակցիա է անցկացրել ի հիշատակ սպանված լրագրող Դաֆնի Քարուանա Գալիզիայի, այս մասին տեղեկանում ենք Times of Malta-ից: 

Ակցիայի մասնակիցները կոչ են արել իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել լրագրողի մահվան դեպքի առիթով, ոմանք նույնիսկ պահանջել են Մալթայի ոստիկանապետի հրաժարականը:

Ցույցի ընթացքում որևէ միջադեպի մասին չի հաղորդվում:

Նշենք, որ Դաֆնի Քարուանա Գալիզիան մահացել է Մալթայի Բիդնիջա բնակավայրում՝ մեքենայի պայթյունի ժամանակ: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ մեքենան, որում գտնվել է լրագրողը, պայթեցվել է հեռակառավարման համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով:

Լրագրողը սեփական հետաքննությունն էր վարում Մալթայում պետական մակարդակով կոռուպցիայի մասին, ինչպես նաև հայտարարել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա կնոջ՝ «պանամական փաստաթղթերում» հիշատակվող ընկերություններից մեկի հետ կապի մասին:

Մալթայի իշխանությունները լրագրողի մահվան բացահայտման հարցում խնդրել են ամերիկյան, բրիտանական և նիդեռլանդական հատուկ կառույցների աջակցությունը:

Բացի այդ, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20.000 եվրոյի չափով պարգևատրում է խոստացել նրան, ով տեղեկություն կտրամադրի լրագրողի սպանության մասին:


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը` ICIJ-ը, հրապարակել է մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։