Սոբչակն Instagram-ում մեղադրել է Ստալինին ռուս ժողովրդի ցեղասպանության համար
Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին հայտարարած Քսենիա Սոբչակը մեղադրել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին «ռուս ժողովրդի լայնամասշտաբ ցեղասպանության» համար, հայտնում է «Московский Комсомолец»-ը:
«Նա ոչնչացրել է լավագույններին, ամենախելացիներին, ամենաքաջ մարդկանց: Դա, ըստ էության, ռուս ժողովրդի լայնամասշտաբ ցեղասպանություն է: Ստալինը ոչնչացրել է ռուսական աշխարհը, որը մեզ այդպես էլ չի հաջողվել վերականգնել»,- գրել է Սոբչակն Instagram-ում՝ այդպես մեկնաբանելով Ստալինի պատկերով վերնաշապիկի նկարը:
Նրա խոսքով՝ Ստալինին արդարացնում են նրանով, որ նա երկիրը մեծ գերտերություն է դարձրել՝ միջուկային զենքով և մեգակառույցներով, սակայն նա նշել է, որ արդյունքում «Ստալինը կառուցել է մի համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, ոչ անգամ ինչ-որ էլիտաների, այլ պարզապես հատուկ ծառայություններին»:
«Ստալինը միանշանակ արյունարբու դահիճ և հանցագործ է եղել: Նայեք, հիշեք՝ հենց մենք փորձել ենք նրան դատապարտել, երկիրն առաջ է շարժվել: Հենց սկսվել են ոչ միանշանակ լինելու մասին խոսակցությունները, ամեն ինչ լճացման մեջ է հայտնվել»,- գրել է Սոբչակը:











